«Բաղնիքդ անուշ» ֆիլմի քրեաիրավական որակումը

Ամանորյա շունչն արդեն զգացվում է ամենուր՝ անգամ ֆիլմերում:

 

Գրեթե բոլորը, մասնավորապես տոնական օրերին, դիտել են «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը, որն առավել հայտնի է «Բաղնիքդ անուշ» խորագրով:

 

Փորձենք դիտարկել այն իրավական տեսանկյունից:

 

Նախ, մի փոքր օրենսդրական ակնարկ:

 

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

 

Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը համարվում է հանցագործություն:

 

Այժմ հասկանանք՝ արդյոք այս ֆիլմում կատարվել է հանցագործություն` համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի:

 

Չէ՞ որ ֆիլմի գլխավոր դերակատարը մուտք է գործել բնակարան՝ առանց սեփականատիրոջ համաձայնության, ավելի՝ կամքին հակառակ:

 

«Այսպես, տվյալ հանցակազմի անմիջական օբյետ է հանդիսանում մարդու բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն գործողություններով, որոնք արտահայտվում են մարդու կամքին հակառակ նրա բնակարանի ապօրինի մուտք գործելու մեջ: Տվյալ հանցակազմի սուբյեկտ կարող է հանդիսանալ 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ, իսկ քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Իրավաբանի խոսքով՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի, այս ֆիլմի գլխավոր դերակատարի կողմից կատարված արարքը հանցագործություն չէ, քանի որ նա այն չի կատարել ուղղակի դիտավորությամ, այլ՝ զուտ պատահականությամբ, ու թեև հանցակազմի երեք տարրերն առկա են, սակայն մի տարրը՝ սուբյեկտիվ կողմը (մեղքի ձևը) բացակայում է, ուստի այն չի կարող համարվել հանցագործություն, քանի որ հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է հանցակազմի բոլոր՝ չորս տարրերի առկայությունը և, ինչպես նշվեց, վերջիններիցս թեկուզև մեկի բացակայության դեպքում արարքը չի համարվի հանցագործություն:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել