Այսօր՝ հունիսի 6-ին, համագործակցության նոր հուշագիր ստորագրվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի միջև։
Մարդու իրավունքների պաշտպանություն, պրոբացիայի համակարգ և հակակոռուպցիոն գործունեություն․ այս երեք ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար երկու կազմակերպությունները կհամատեղեն ուժերը․ «Փորձելու ենք զարգացնել համագործակցությունը այլ ՀԿ-ների հետ՝ օգնելով նաև նրանց կարողությունների զարգացմանը, ինչպես նաև մեր ներուժն ուղղեք բնակչության իրավական իրազեկության մակարդակի բարձրացմանը և խախտված իրավունքների պաշտպանությանը»,- շեշտեց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Երկու խոշոր կազմակերպությունները համատեղ աշխատանքները սկսեցին համաձայանագրի ստորագրման առաջին իսկ օրը, այսօր Գյումրիում նրանց նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում պրոբացիոն ծառայության վերաբերյալ։ Կարևորելով այս հանգամանքը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն արդարադատության համակարգի «դեմքը» փոխել․ «Հասարակական կազմակերպությունները մեծ անելիք ունեն այստեղ, մենք միասին փորձում ենք համատեղել մարզային ուժերը, որպեսզի Հայաստանում ցանկացած տեղ պրոբացիայի շահառուները կարողանան իրենց կարիքներով դիմել»,- շեշտեց պարոն Կիրակոսյանը։
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net