Քննարկվեցին հարկային քաղաքականության ոլորտում առկա ռիսկերը

Ռիսկեր հարկային քաղաքականության և օրենսդրության դաշտում. «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին Հարկային նոր օրենսդրական փոփոխությունների, ներառյալ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների վերաբերյալ օրենքի հետ կապված ռիսկերն ու խնդիրները:

Նշենք, որ ծրագիրն  իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքն էր, որն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից: Առանձնացրել էր 3 խումբ խնդիրներ` օրենքի բովանդակության, կիրառման և իրազեկման վերաբերյալ, այդ թվում` բարձրացրեց այն հարցը, որ 23 գործունեության տեսակներից շատերի անվանումները` դասիչները, հնարավորություն չեն տալիս հստակ իմանալ, թե ինչ գործունեություն է ներառված: Բացի այդ, խնդիրներ կան վերջիններիս աշխատանքային ստաժի հետ կապված: Ինչպես նաև, հարկային տարածքային մարմիններում արձանագրվել են դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերին, որոնք օրենքով համարվում են ինքնազբաղված անձինք, տեղեկացրել են, որ պետք է օրենքով նախատեսված կարգով լուծարվեն, որպեսզի կարողանան օգտվել արտոնությունից կամ հակառակը, ինչպես նաև մինչև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Iravaban.net անկախ լրատվական կայքում իրազեկում տեղադրելը այս մասով շատերն արդեն կատարել էին արտոնագրային վճարների վճարումներ:
Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, պարունակում է դրույթ առ այն, որ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվի չեն առնվում: Հարց է առաջանում, թե ի՞նչ ի նկատի ունեն «հաշվի չեն առնվում» դրույթը օգտագործելիս: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից տեղեկացրին, որ սա կապված է համակարգի փոփոխման հետ և որևէ թաքուն իմաստ չի պարունակում: Այնուամենայնիվ, անհրաժեշտություն կա, որպեսզի պաշտոնական պարզաբանամում լինի այս մասով:

ԻՏՁՄ իրավաբան Արկադի Սահակյանը ներկայացրեց ԻՏՁՄ անդամների համար թիրախային, հարկային ոլորտում իրավական խնդիրները: Մասնավորապես, առաջարկվում են հարկային արտոնությունների սահմանում սահմանամերձ տարածքներում գործող ՏՏ ոլորտի անձանց գործունեության վերաբերյալ և ստարտափների դեպքում հարկային արտոնությունների կիրառման ժամկետի երկարաձգում:

Ներկայացված խնդիրների ու վերհանված ռիսկերի շուրջ ակտիվ քննարկումներ եղան միջոցառմանը ներկա Պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և բիզնեսի ներկայացուցիչների միջև:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են  վերոնշյալ հարցերի շուրջ առավել լայնամասշտաբ քննարկումներ առաջիկայում կազմակերպվելիք սեմինարների ընթացքում:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Իրավաբան.net       

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել