Էթիկայի հանձնաժողովը բացառապես ոչնչով զբաղված չէ. Վիկտոր Ենգիբարյան

«Ելք» դաշիքնը առաջարկում է ստեղծել անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Իրավաբան.net-ի հարցին ասաց նույն դաշինիքի կողմից որպես պատգամավորի թեկնածու թիվ 2 ընտրատեղամասում (Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշեն) առաջադրված Վիկտոր Ենգիբարյանը:

Նրա համոզմամբ՝ սա կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն կետերից մեկն է. «Բացի այդ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմինը պետք է ունենա պրոֆեսիոնալ աշխատակազմ, մենք այսօր ունենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը բացառապես ոչինչով զբաղված չէ»,- նշեց պարոն Ենգիբարյանը, իսկ ասուլիսի մեկ այլ բանախոս նույն ընտրատեղամասում ՀՅԴ թեկնածու Արթուր Ղազարյանը հավելեց, որ այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ հանձնաժողովը լիազորություններ չունի. «Իհարկե, լիազորությունները նույնպես իշխանությունն է տալիս»,- ընդգծեց պարոն Ենգիբարյանը:

Նա նաև շեշտեց, որ հարկավոր է փոխել էթիկայի հանձնաժողովի անդամների նշանակման կարգը, այսինքն՝ ոչ թե նշանակվեն պետական մարմինների ներկայացուցիչների թեկնածուները նախագահի կողմից, այլ Ազգային ժողովի. «Հակառակ դեպքում շահերի բախում է առաջանում, իսկ հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի անկախ ու չպետք է նշանակվի իշխանության կողմից»,- ամփոփեց դաշինքի թեկնածուն:

Խոսելով դատաիրավական բարեփոխումներից՝ Վիկտոր Ենգիբարյանը կարևոր համարեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը. «Դրական զարգացումները մենք տեսնում ենք Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում»,- ընդգծեց պարոն Ենգիբարյանը:

Արթուր Ղազարյանը հակակոռուպցիոն պայքարը փոխկապակցում է դատական իշխանության անկախության հետ, նա ասում է, որ նոր սահմանադրությամբ դրա համար ավելի շատ երաշխիքներ են ստեղծվում. «Դատական իշխանությունը ենթարկվում է փոփոխության, նախկինի համեմատ դրական փոփոխություններ է նկատվելու: Հնարավորինս գնում է անկախության, կախված չի լինելու գործադիրից, ինչ ներկայումս է: Սա նշանակում է, որ Կոռուպցիայի դեմ պայքարելու մի իշխանության ճյուղ բարեփոխվելով՝ շատ ավելի զսպող, հակակշռող և իր ֆունկցիաները կատարող է դառնում»,- նշեց բանախոսը:

Նրա համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարին ոչ միայն ընդդիմությունը պետք է աջակցի, այլ նաև ողջ հասարակությունը. «Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չի լինում: Քաղաքական գիտակցություն պետք է լինի ու միասնական է հարկավոր հանդես գալ»,- եզրափակեց նա:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել