Ի՞նչ է գրում ՀՔԾ պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն իր՝ «Ծխացող կարոտ» գրքում

Փոքր ու նեղ փողոցներ, գյուղական անխռով մթնոլորտ, անդավաճան սկզբունքներ և անսահման նվիրում։ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի առաջին հեղինակային գրքում արտացոլված են գյուղի և գյուղացու խնդիրները՝ մերօրյա իրականության լույսի ներքո։ Մուշեղ Բաբայանն իր ընթերցողի հետ չի խոսում իրավաբանի լեզվով, նրա ոճը պարզ է և հասարակ, ինչպես գյուղական մթնոլորտն է ու գյուղն իր էությամբ։

«Ծխացող կարոտ» ժողովածուն պատմում է մարդու մասին, պատմությունների հիմքում հենց մարդկային խորը արժեքներն են՝ մարդասիրություն, նվիրում, արժանապատվություն և հայրենասիրություն․ «Մարմնիդ վայելքները կգնես փողով, հոգուդ վայելքները պիտի զավթես համբերությամբ, բարությամբ, աշխատասիրությամբ և անդավաճան նվիրումով»,- ասում է հեղինակը։

Մուշեղ Բաբայանի հերոսները տարբեր բնավորության տեր մարդիկ են, նրանց միավորում են բարձր արժեքներն ու ամենակարևորը՝ գյուղը, հայրենի ու նվիրական, որից երբեք ու ոչ մի դեպքում գրողի հերոսները չեն հեռանում, թեկուզ մտովի․ «Ամբողջ օրը հայրս ման եկավ մեր գյուղի սար ու ձորով, ամեն աղբյուրից ջուր խմեց, փաթաթվեց խոտ ու ծաղկին, իսկ երեկոյան տուն վերադարձավ՝ ձայն տվեց մորս․ «Մի էն տոմսերը բե՛ր»։ Իմ ու քրոջս զարմացած հայացքները անցան մորս, հետո ինքնաթիռի տոմսերի, ապա հորս ճաքճքած ձեռքերի վրայով։ Գլխիկոր առավ տոմսերը, դանդաղ ու մեծ գոհունակությամբ պատռեց դրանք, կտրատեց, գցեց գետնին ու աչքերը վեր պարզելով՝ ասաց․ «Ոչ մի տեղ էլ չենք գնա։ Էս հողն ու ջուրը, էս տունն ու օդը, էս սարերը, ձորերը, էս սուրբ երկիրը դրանք մենակ բառեր չեն, որ կարող ենք էստեղ էլ ասել, ուրիշ տեղ էլ ասել»»,- գրողի պատասխանն է արտագաղթիին։

Մուշեղ Բաբայան

Գյուղում՝ սև շիրմաքարից Որոտանի ձորն է նայում ոստիկանության կապիտանի համազգեստով հաղթանդամ տղամարդ՝ Թաղային Երվանդը, ով բացահայտեց հարևանի որդու կողմից կատարված գողությունը, թշնամացավ վերջինիս հետ, զրկանքներ կրեց, զրկվեց կոչումից ու աշխատանքից, բայց մահացավ հարևանի վառվող տնից նրա թոռանը փրկելիս, նույն գերեզմանոցում՝ մեկ այլ շիրմաքարի վրա գրված է․ «Անցո՛րդ, այգուդ ցանկապատից դուրս տնկածդ մեկ անշուք փշատենին շատ ավելի կբնութագրի քո անձը, քան ցանկապատից ներս ստեղծածդ եդեմական այգին»։

Որտեղ գյուղն է ավարտվում՝ մայրուղու եզրին՝ քարի վրա, գրեթե ամեն օր լուռ ու անշարժ նստած է սահմանին մարտական գործողությունների ընթացքում արկի պայթյունից հերոսաբար զոհված Էդգարի դուստրը, հենց այդ վայրում վերջին անգամ նա հրաժեշտ տվեց հորը, այս աղջկան աշխատանքի շտապող հերոսը տանում է տուն, հենց այս տեսարանից՝ որոշում հունիսի 1-ը նշել իր երեխաների հետ, ոչ թե աշխատավայրում, բայցև վերջում վստահեցնում է․ «Աշխարհում մի բան միայն կարող  է ինձ չվերադարձնել իմ գյուղ, իմ տուն, իմ երեխաներին, միայն հայրենիքիս պաշտպանության կանչը, ուրիշ ոչինչ»։

Գյուղի մի հատվածում Կարենի տունն է՝ դատարկ մի տուն, որը միշտ խնամում է վերջինիս ընկերը՝ Արմենը, ով ընկերության խորը զգացումից դրդված իր վերջին գումարն տվեց Կարենին, որպեսզի նա մեկին Ռուսաստան ու որակյալ ուսում ստանա, սակայն փոխարենը Արմենը միայն զրկանքներ կրեց․ Կարենի հույսին էր, որ իրեն գումար կուղարկի ու մորը կբուժի, բայց ապարդյուն։ Չնայած այս ամենին թույլ չի տալիս որ ընկերոջ տունը քայքայվի՝ հույսով, որ մի օր նա կվերադառնա։

Գյուղի տներից մեկի առջև մայրը կարդում է զինվոր որդու նամակը․ «Մամ ջան, հոգիս, լույսս, խնդրում եմ, մեր հարևան Կարոյենց համոզի, որ գյուղից չգնան, թող սպասեն, կգամ իրանց էլ, մյուս հարևաններին էլ կօգնենք, բոլորով կապրենք, մենակ թե բոլորին ասա՝ չգնան գյուղից, մեր հողն ու ջուրն անտեր չթողնեն»,- գրված է նամակում։

Մուշեղ Բաբայանի ժողովածուի հերոսները սովորական մարդիկ են, ովքեր նաև զերծ չեն սխալվելուց, նրանք կարող են սիրած աղջկա համար դանակահարել գյուղացուն, սակայն սահմանին նույն գյուղացու համար կյանք տալ, կան և բացասական հերոսներ՝ թմրամոլ, որ թունավորում է մյուսների կյանքը, բանտապահ, որը խաբվում է և ազատ արձակում իրեն գերած կնոջը և այլն։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել