Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տվյալների առանձին հրապարակումը մեր օրերում դարձել է հրատապ․ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

2017 թվականի մարտի 2-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը: Ըստ նախագծի առաջարկվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:

Վերը նշված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը զարգացման նոր փուլ է թևակոխել և դրանում իր ակտիվ դերակատարումն ունի նաև քաղաքացիական հասարակությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան գտնում է, որ վերը նշված օրենսդրական առաջարկությունը և դրա կյանքի կոչումը մեր օրերում դարձել է հրատապ: Նշված փոփոխությունը կապահովի կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, կբարձրանա այդ գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությունը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել