Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունները պետք է հասարակությանը դարձնեն գործընկեր

Մենք համոզված ենք, որ 2017 թվականը բեկումնային է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Այսօր հայտարարվեց Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Կանգնեցնենք կոռուպցիան» հակակոռուպցիոն պայքարի իրազեկման արշավը:

«Ինչու ենք մենք հավատում, որ այս տարին բեկումնային է լինելու: Որովհետև մենք տեսնում ենք այն ներդրված ջանքերը՝ փոփոխություններ կատարելուն ուղղված: Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ ծրագիր է սկսել՝ ընդունել է մի շարք կարևոր  օրենսդրական նախաձեռնություններ»,- ասաց դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին կարևորեց նաև Հայաստանում գործող քաղհասարակության կազմակերպությունների ակտիվությունն ու նվիրվածությունը հակակոռուպցիոն պայքարին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իրավաբանների հայկական ասոցիացիային, որն ուղղակիորեն ներգրավված է եղել օրենսդրական փաթեթների ստեղծմանն ու դրանց վերաբերյալ քննարկումներին:

«Գործընկերների աջակցությամբ և մասնակցությամբ ՀՀ կառավարությունը վերջին 3-4 ամիսների ընթացքում կարող է որպես կատարողական ներկայացնել հասարակությանը հստակ քայլեր և իրականացված միջոցառումներ և ընդունված իրավական ակտեր»,- ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Փոխնախարարը ներկայացրեց, որ բացի օրենսդրական նախաձեռնությունները, ներդրվել են նաև էլեկտրոնային ծրագրեր, որոնք միտված են վարչական կոռուպցիայի նվազեցմանը. էլեկտրոնային համակարգերի ներդրման արդյունքում հանրային ծառայություններից օգտվելիս նվազագույնի է հասցվում մարդկային շփումը:

Վերջին ամիսներին կատարված հսկայական աշխատանքի արդյունքները քաղաքացին շուտով կզգա. նշում է Կարեն Զադոյանը:  Ինչ վերաբերում է քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարին, որը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է, ապա դրա դեմ է ուղղված ապօրինի հարստացման քրեականացումը.

«Մենք կարծում ենք, որ ապօրինի հարստացման հանցակազմը այն օգնությունն է մեր իշխանություններին, որ այդ խոշոր ձկներին գլխից բռնեն: Սա միակ ընթացակարգը, մեխանիզմը չէ, որ մենք առաջարկել ենք և կառավարությունն իրականացրել է»,- նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Թեև արդեն իսկ կան և մշակվում են կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջական գործիքակազմերը, բանախոսները այս գործում մեծապես կարևորում են հասարակության ակտիվությունը. «Հասարկությանը իշխանությունները պետք է դարձնեն իրենց պայքարի գործընեկր՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե հասարակությունը գործընկեր չդառնա, ապա դժվար է կոռուպցիայի դեմ լուրջ պայքարել և արդյունքների հասնել»։

Իսկ Պյոտր Սվիտալսկին հավելեց․  «Այս ջանքերը արդյունավետ լինելու համար մենք ունենք հասարակության աջակցության, արձագանքի կարիքը»։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել