2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։
Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝
1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,
2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:
Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն:
Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։
Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝
1. համաձայնեցված հայտարարագրի ներքո չընկնող գույքային վնասներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,
2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին:
Ճանապարհային ոստիկանությունն նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ: