Կառավարությունը հավանություն տվեց․ կպարզեցվեն ՓՄՁ-ների կողմից ապրանքների ներմուծումն ու արտահանումը

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի մշակումը պայմանավորված է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ խնդիրը ներկայացվել է մարտին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին եւ, ՀՀ վարչապետի հանձնարարությանը համապատասխան, իրականացվել են աշխատանքներ, որոնց մասնակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները:

Արդյունքում ակնկալվում է պարզեցնել ցածր արժողություն ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, նշված դեպքում ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից:

Մասնավորապես, փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող եւ/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի եւ մաքսավճարների վճարումից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նաեւ տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող եւ արտահանվող ապրանքների արժեքից, իրականացնել ինքնահայտարարագրում:

Միաժամանակ առաջարկվում է կառավարության որոշմամբ հաստատել էլեկտրոնային տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտարարագրման համակարգ մուտք գործելու կարգը:

Նախարարի դիտարկմամբ, օրինագծով առաջարկվող փոփոխությունն էապես բարելավելու է բիզնես միջավայրը, բիզնես ակտիվությունը, նպաստելու է ՓՄՁ գործունեությունը:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է օրենքի նախագիծը եւ հանձնարարել աշխատանքներ տանել ԱԺ-ում այն արագ ընդունելու համար:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել