Ուշադրություն․ կառավարությունն ընդունել է մի շարք նոր որոշումներ

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ վերացնելով դատապարտյալների հետ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի սահմանափակման արգելքը: Որոշումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել երկարատև տեսակցությունների տրամադրումը և առավել հստակեցնել այն սննդամթերքի տեսակները, որոնք կարող է ունենալ, ստանալ կամ ձեռք բերել դատապարտյալը՝ իր մոտ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերելու արդյունքում:

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Անդրադառնալով նման որոշումներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին, ֆինանսների, արդարադատության նախարարություններին՝ քննարկել, գույքագրել, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կառավարությունը որքան գումար է հատկացրել 2014թ., 2015թ. և այս տարվա ընթացքում: «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրն ընդունել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում՝ միջպետական Մ4 մայրուղուց դեպի ուսումնամեթոդական կենտրոններ և հանգստյան գոտիներ տանող ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոճանապարհ ապահովելու համար:

Կառավարության որոշմամբ «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Զենքի արտադրության» լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ է կատարել նապկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառույթները և դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը և արդյունավետությունը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես՝ իրավաբանական բաժինը կվերակազմակերպվի իրավաբանական վարչության, որում ներառված երկու բաժիններից մեկը կզբաղվի դատարանում քննվող գործերի հետ կապված գործառույթներով, իսկ մյուսը ընդհանուր իրավական ապահովման հարցերով:

Հայաստանի համայնքները քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերով ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում: Որոշման կիրառման դեպքում ներկայացված կլինի օրենքով սահմանված հասկացությունը կիրառելու գործիք, որը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային հատակագծման նախագծերը: Արդյունքում՝ համայնքներում կառուցապատումը կկրի առավել կանոնակարգված բնույթ, որն էլ իր հերթին կնվազեցնի սուբյեկտիվ որոշումների ընդունման հնարավորությունը: Ծրագրի իրականացումը կհեշտացնի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացը, կապահովի համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը:

Գործադիրը հաստատել է կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը. հանրապետության տարածքում կառանձնացվեն որս իրականացնելու համար նախատեսված վայրեր, որոնք կընդգրկվեն որսահանդակների ցանկում: Որսահանդակների տարածքները որոշվում են հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդանիների տեսակները, դրանց քանակները, որոնք գրանցված չեն ՀՀ կենդանիների կարմիր գրքում:

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել