Պերմյակովի գործը. ինչո՞ւ փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը

Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները լքեցին դատական նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցի դատաքննությանը:

Ինչո՞ւ նրանք գնացին նման քայլի, հարցին փաստաբան Երվանդ Վարոսյանը պատասխանում է. «Դատարանը նիստեր առաջ հրաժարվել էր վարույթ ընդունել Ռուսաստանի դաշնության դեմ մեր կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, այդ որոշումը բողոքարկել էինք վերաքննիչ դատարան, որը հրաժարվել էր այն քննության առնել այն և համապատասխան բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ պարզ չէ, թե վճռաբեկ դատարանն ինչ դիրքորոշում կունենա, մենք միջնորդել էինք հետաձգել դատական նիստը, որպեսզի Վճռաբեկ դատարանն այդ կապակցությամբ որոշում կայացնի, պարզ դառնա, թե քաղհայցն այնուամենայնիվ քննվելու է քրեական գործի հետ միասին, թե՝ ոչ»,- արդյունքում դատարանը հրաժարվել է հետաձգել դատական նիստն այդ պատճառաբանությամբ, որից հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները որոշել են լքել նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Պավելի Պերմյակովի, այն բանի համար, որ նա սպանել է հայ ընտանիքի անդամներին: Մեղադրանքն առաջադրված է ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում, սակայն արտագնա դատական կարգով նիստերը տեղի են ունենում ՌԴ 102-րդ ռազմակայանի զորամասում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել