Վարձու աշխատողին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.
1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) առողջարանային բուժման.
4) մայրության.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
Կարևոր է իմանալ, որ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Նշենք, որ տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը: