«Ճանապարհային ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 28–րդ հոդվածում ամրագրված են տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական ներքոշարադրյալ պահանջները.
«1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
1.2. «A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:
2. (…)
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:
5. (…)
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ճանապարհներին:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը»: