Ի՞նչ պետք է իմանալ ԴԱՀԿ-ի կողմից գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականության վերաբերյալ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը՝ աճուրդի կամ ուղղակի վաճառքի միջցով: Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ:

Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը:

Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Սակայն, եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

բ) պատրաստի արտադրանք,

գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք:

Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:

Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի), ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում:

Պարտապանին պատկանող ոչ փաստաթղթային ձևով թողարկված Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի վրա արգելանք դնելու, դրանք առգրավելու և հարկադիր իրացնելու համար հարկադիր կատարողի կողմից պահառուին (ենթապահառուին) ներկայացվող դեպո-հանձնարարականների ձևին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել