Հողամասի սերվիտուտը մեկ կամ մի քանի սեփականատերերի հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունքն է: Սերվիտուտը կարող է սահմանվել հողամասերի սեփականատերերի համաձայնությամբ կամ դատական ակտով:
Հողամասի սեփականատերն իրավունք ունի պահանջել, ներառյալ` դատական կարգով, որ իրեն սերվիտուտ տրամադրվի հողամասը պահպանելու և սպասարկելու համար:
Հողամասը կարող է ծանրաբեռնվել հետևյալ սերվիտուտներով`
1) հողամասով անցնելու կամ երթևեկելու համար.
2) հողամասով էլեկտրահաղորդման, կապի գծերի, ջրամատակարարման և գազամատակարարման խողովակաշարերի անցկացման, շահագործման և վերանորոգման համար.
3) այլ հողամասի հողի բարելավման նպատակով հողում դրենաժային աշխատանքներ կատարելու համար.
4) հողամասից ջուր վերցնելու համար.
5) հողամասով անասունների անցնելու, խոտհնձի, անասուններ արածեցնելու համար` տեղական պայմաններին և սովորույթներին համապատասխան ժամանակահատվածում.
6) հողամասում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրության համար անհրաժեշտ հետախուզական, հետազոտական և այլ աշխատանքներ իրականացնելու համար.
7) հողամասի սահմաններում գտնվող գեոդեզիական կետերին, պատմության, մշակութային և հնագիտական հուշարձաններին անարգել մոտենալու համար.
8) իր հողամասի շենքերը, շինությունները սահմանակից հողամասի կամ դրանում եղած շենքերի, շինությունների վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար.
9) սահմանակից հողամասում շենքերի, շինությունների բարձրությունը սահմանափակելու համար.
10) սահմանակից հողամասում պաշտպանական անտառատնկարկներ կամ այլ բնապահպանական օբյեկտներ ստեղծելու համար.
11) այլ սերվիտուտներ, առանց որոնց անհնար է բավարարել հողամասն իր նշանակությամբ օգտագործելու համար անհրաժեշտ պահանջները:
Սերվիտուտ կարող է սահմանվել ցանկացած իրավունքում գտնվող հողամասի նկատմամբ ու կարող է լինել ժամանակավոր և (կամ) մշտական:
Սերվիտուտը պետք է հնարավորին չափ նվազ ծանրաբեռնի հողամասը: Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատերն իրավունք ունի վճար պահանջել այն անձանցից, ի շահ որոնց սահմանվել է սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
Կարևոր է իմանալ, որ սերվիտուտները ենթակա են պետական գրանցման և այն պահպանվում է հողամասը մեկ անձից մյուսին անցնելիս:
Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատիրոջ պահանջով սերվիտուտը կարող է դադարեցվել դրա հիմքերի վերացման կամ հողամասի նպատակային նշանակության փոփոխման կապակցությամբ:
Եթե սերվիտուտով ծանրաբեռնվելու արդյունքում հողամասը չի կարող օգտագործվել իր նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան, սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջել դադարեցնել սերվիտուտը կամ փոփոխել նպատակային նշանակությունը: