Որո՞նք են նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները

Նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները՝

1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն).

2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.

3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.

4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը.

6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.

8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.

9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.

10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.

11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ.

13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր.

14) ի պահ է ընդունում փաստաթղթեր.

15) ապահովում է ապացույցներ.

16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը:

Նոտարական բոլոր գործողությունները կատարվում են ցանկացած նոտարի կողմից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Նոտարական գործողություն կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նոտարը կամ նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք չունի նոտարական գործողություններ կատարել իր, իր ամուսնու, իր կամ ամուսնու ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, թոռների, պապի, տատի, ինչպես նաև տվյալ նոտարական գրասենյակի աշխատողների անվամբ և անունից:

Նոտարը կամ նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը և սույն հոդվածի 1-ին կետում նշված նրանց ազգականները չեն կարող հանդես գալ որպես գործարքի միջնորդներ կամ վկաներ:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաև այն նոտարական գործողությունների վրա, որոնք կատարվում են այն կազմակերպության կողմից, որի`

ա) ղեկավարը նոտարի ամուսինն է.

բ) բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 50 տոկոսից ավելին պատկանում է նոտարին կամ նրա ամուսնուն:

Օրենքով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն գործարքների վավերացման վրա, որոնք իրականացվել են հրապարակային սակարկությունների միջոցով:

Վերը նշված օրենքի պահանջների խախտմամբ կատարված նոտարական գործողություններն առ ոչինչ են:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել