Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում:
Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.
բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.
գ) ընտանեկան դրությունը.
դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:
Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.
բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը.
գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող անձանց ստորագրությունները պետք է վավերացվեն օրենքով սահմանված կարգով: