Մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Ֆորումում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը

Մեծարգո՛ հյուրեր,
Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, ես պատիվ ունեցա ազդարարելու հասարակական-քաղաքական այս գլոբալ համաժողովի աշխատանքների մեկնարկը՝ հավատալով դրա առաքելությանն ու հաջողությանը։ Իսկ առաքելությունն էր՝ վերհանել ցեղասպանությունների կանխարգելման առկա հիմնախնդիրները, մշակել դրանց լուծման ուղիները և համախմբել քաղաքակիրթ մարդկության ներուժը` 21-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վճռական հաղթանակ տանելու նպատակով:

Այսօր՝ մեկ տարի անց, համոզված կարող եմ ասել, որ այն հաջողվեց․ առաջին համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև բազմահազար մարդկանց շրջանում, ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այն առիթ դարձավ, որ աշխարհը մեկ անգամ ևս խոսի մարդածին ծանրագույն չարիքի՝ ցեղասպանության մասին։ Դրանով էր հիմնավորված մեր որոշումը՝ այս համաժողովը մշտական հարթակ դարձնել այն անհատների, ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների և, իհարկե, այն պետությունների ու միջազգային կառույցների համար, որոնք վճռական են ու միակամ իրենց լուման բերելու համամարդկային այս պայքարին։

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ, որ միասին ենք։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

2015 թվականը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի և պատմական արդարության վերականգնմանն ուղղված հարյուրամյա պայքարը։ Եվ ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով և այն հաստատակամությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումն այսօր հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար:

2015 թվականը կարևոր էր այս առումով՝ աշխարհի շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ, կրոնական կազմակերպություններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։

Ներկա աշխարհի զարգացման տրամաբանությունն աներկբայորեն փաստում է․ մենք այլևս փոխկապակցված ենք՝ փոխկապակցված այնքան, որ որևէ մեկիս ձախողումը բերում է մյուսների ձախողմանը, հաջողությունը՝ հաջողությանը, տառապանքը՝ տառապանքին։ Այսօր դժվար է պատկերացնել անվտանգության դեմ ուղղված մի մարտահրավեր, որ սպառնա միայն մեկ երկրի։ Հետևաբար որևէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարսափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում, որ վերապրում են մեր ժամանակակիցները՝ 21-րդ դարում, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլևս երբեք»՝ անկախ այն գնից, որ յուրաքանչյուրս վճարելու ենք։ Այս տրամաբանությունը մեզ հուշում է նաև, որ աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: Ուստի, շատ բնական է, որ ցեղասպանության ենթարկվածները, այն վերապրողներն ու նրանց սերունդները իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը՝ արդարություն հայցելով։

Հարգարժա՛ն ներկաներ,

Համաժողովի այս տարվա խորագիրը` «Ցեղասպանության վերապրած վկաները», թույլ է տալիս մեզ վեր հանել ինչպես հետևանքների վերացման, այնպես էլ կանխարգելման առումներով կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը: Եվ այսօր մեզ հետ այս դահլիճում, մեր կողքին են ցեղասպանության վերապրած վկաները։ Մարդիկ, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել ցեղասպանությունների՝ բառերով անփոխանցելի սարսափները, կորստի, կարոտի, հայրենազրկման անամոքելի ցավը՝ մի պահ, թերևս, հրաժեշտ տալով անցյալին ու ապագային։ Նրանցից յուրաքանչյուրի համար դժվար է եղել լավատես լինելը, բայց նրանք այստեղ են՝ փաստելու համար, որ ցեղասպանություն իրականացնողները չեն հաղթել։ Վստահ եմ՝ նրանք բոլորն էլ անցել են հերոսական մի ճանապարհ և այդ ճանապարհին հանդիպել մարդկանց, ովքեր ձեռք են մեկնել, ովքեր օգնել են ոտքի կանգնել, ովքեր հույս են ներշնչել… Մարդիկ, ովքեր ընդվզել են ժամանակի չարիքների դեմ՝ չհամակերպվելով անտարբերության հետ, սեփական շահն անտեսել՝ չհամակերպվելով անարդարության հետ, վտանգել են իրենց՝ հանուն ևս մի մարդկային կյանքի փրկության։
Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը․ «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսևորվում է նաև հիշելու և իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը:

Միաժամանակ, կարծում եմ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաև փախստականների հետ կապված միջազգային իրավական ռեժիմի մասին: Կարևոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերևս անհնար է համակարգված ձևով մոտենալ խնդրի լուծմանը:

Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Ասվածը բնականաբար վերաբերում է նաև ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաև իրականացնել այն:

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես ցույց տվեցին վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները, մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական և հրատապ: Վերջին շրջանում աշխարհը սարսափած հետևում է, թե ինչպես են Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել և որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով։

Սակայն, եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում թե ի՞նչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու և իրականացնելու համար:
Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի և բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով․ նրանք անդամախեղեց տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսևորում ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինա՞կ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող և քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է: Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու:
Միջազգային հանրությունը՝ մենք, պետք է նույնքան արագ և վճռականորեն արմատախիլ անենք ցեղասպանածին այսօրինակ երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երևույթների հստակ ու հասցեական դատապարտում: Այլապես, եթե նման արատավոր երևույթները արմատախիլ չանենք դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետևանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, ի դեպ, մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Շնորհավորում և հիացմունքս եմ հայտնում մրցանակի հավակնորդներին․ ձեր բոլորի պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։ Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և ցանկանում, որ գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել