Արցախի Հարավ-արևելյան հատվածի առաջնագիծ տանող ողջ ճանապարհին քարուքանդ եղած ու գնդակոծված բնակավայրեր են: Հադրութից առաջնագիծ 2 ժամից ավելի ճանապարհ է, սակայն քաղաքում ասում են, որ երեկ կրակոցների ու գնդակործությունների ձայները բավականին ուժգին լսելի են եղել. «Ստեղ չի հասնում կրակոցները, ամեն գիշեր կրակոցները լսում ենք, էս գիշեր պինդ եկել է, շատ ենք վախենում, ընկնում ենք ստրեսի մեջ, բայց ի՞նչ անենք»,- ասում էր Հադրութի բնակիչը:
Սահմանամերձ Բանաձոր գյուղից 25-ամյա Կարենն ասում է, որ չնայած սահմանային լարված իրավիճակին, ինքը մնալու է այստեղ, նա ընտանիքի անասուններին է արածացնում հակառակորդից ընդամենը երկու տասնյակ կիլոմետր հեռավարության վրա:
Առաջնագծի ճանապարհին հանդիպում ենք «Գրադի» ու «Սմերչի» հրթիռներ՝ մխրճված ասֆալտի մեջ: «Գրադի» հրթիռը պայթել էր, իսկ «Սմերչ» կայանքի հրթիռ ընկած էր արկից երկու մետր հեռու վրա, արկը չէր պայթել:
Առաջնագծի հրետանային գումարտակի ժամկետային զինծառայողներն պատմուն էին, որ վերջին օրերին վիճակը բավականին լարված է եղել, ադրբեջանական զորքերը դիմել են բացահայտ ագրեսիայի:
Զինվորներից Միքայելի խոսքերով՝ վերջին օրերին ամեն պահի վտանգի տակ է եղել. «Խառը տեղեր են կրակում, մեր կողքն էլ են խփել»,- ասաց նա:
22-ամյա Տարոնը երեկ գիշերն ընկել է գնդակոծության տակ, նա մեզ պատմեց. «Մեքենայով բարձրանում էինք, ընկերոջս մեքենան իջացնելու, արկերը մեջն էր, մի երեսուն մետր էր մաքսիում մնում, որ հասնեինք, տենց միանգամից կրակեցին»,- ասաց նա:
Այս միավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հակառակորդն ապրիլի 2-ին, հանկարծակիության գործոնն օգտագործելով, հարձակվել է մեր առաջապահ ստորաբաժանումների վրա և ստանալով արժանի պատասխան, ստպված է լինում կանգնել ելման գծում:
Նա տեղեկացրեց, որ հակառակորդի ստորաբաժանումների կազմում այսպես կոչված էլիտար ստորաբաժանումներն են կռվել, հետաքրքվեցինք նրանցի՝ ինչ ստորաբաժանումների մասին է խոսքը, գնդապետն ասաց. «Նախորոք այդ գործողությունների համար պատրաստված հատուկ նշանակության ստորաբաժանումներ, դիվերսիոն հետախուզական խմբեր, ինչու չէ նաև վարձկաններ»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք ադրբեջանական կողմը կարողացել են հողեր գրավել, գնդապետը պատասխանեց. «Հողային փոքր կորուստներ կան, բայց դա էական նշանակություն չունի, էֆեկտ չկա, այդ մետրերը կճշտվի, մինչև հասնեք Ստեփանակերտ այդ հողերը հետ կվերցնենք»,- կատակով ասաց նա:
Ադրբեջանական ագրեսիան տարածվում է ոչ միայն զինադադարի ժամանակ՝ զինված ուժերի վրա, այլ նաև խաղաղ բնակչության:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը փոխանցեց, որ խաղաղ բնակչությունը տուժել է, վնասվել են նաև քաղաքացիական օբյեկտներ. «Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական միջազգային իրավունքի նորմերը, որոնք որ ամրագրում են ռազմական գործողությունների անցկացնելու կարգը սկզբունքները և այլն: Հստակ ասվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ չպետք է թիրախ ընտրենք քաղաքացիական բնակչությունը, ինչը նրանք արել են»,- փոխանցեց Արցախի ՄԻՊ-ը:
Իրավաբան.net