Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:
46–րդ գլխի համաձայն սահմանված է.
Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը (որը կազմում է ամսական 2 տոկոս առավելագույնը):
Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս` դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե`
1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.
2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք: