«Խալխի երեխեքին բուհ ընդունելու պատրվակով գումար ես լափել». բուհական կաշառքի գործով ամբաստանյալներն իրար էին մեղադրում

Բուհական կաշառքի գործով այսօր ճառերով և վերջին խոսքերով հանդես եկան ամբաստանյալները:

Գործով ներգրավված են 4 անձիք, նրանցից մեկը՝ Հրաչ Չփլախյանը, ում մեղադրանք էր առաջադրվել կաշառքի մեջ օժանդակելու և որպես միջնորդ հանդես գալու համար, մահացել է:

Ամբաստանյալներից Լավրենտ Քոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Հրաչ Չփլախյանից տեղեկանալով Լիլիա Մարտիրոսյանի կողմից որդուն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ընդունելու ցանկության և կաշառք տալու վերջինս պատրաստակամության մասին, նախնական համաձայնության է եկել Լևոն Կիզոկյանի հետ ու Լիլիա Մարտիրոսյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել:

Լավրետ Քոսյանը իր ճառում մեղադրեց Լևոն Կիզոկյանին, նա ասաց, որ վերջինիս պատճառով վաճառել է իր բնակարանը. «Ես քու քաշվածն եմ, դու ինձ քաշել ես, էնպես ես քաշել, որ մինչև իմ կյանքի վերջը ոտի չեմ կանգնելու: Ես ինձ մեղավոր եմ զգում, որ փողը հաշվել եմ ու տվել քեզ, ես ոչ մի կոպեկ չեմ պահել, սենց տկլոր մնացել եմ, ես հիվանդացել եմ, սրան, նրան եմ խնդրել, որ դեղերը առնեն»,- նշեց նա՝ դիմելով մյուս ամբաստանյալին. «Դու փողը կերել ես, դու էս մարդուն (Լիլիա Մարտիրոսյանին – Գ.Թ.) խաբել ես, դու էլ պատասխան կտաս, ես փողը հաշվել եմ, տվել եմ քեզ»,- ասաց նա:

Վերջում ամբաստանյալը դատարանի խնդրեց իրեն վերաբերել որպես կաշառքի գործով միջնորդ:

Ամբաստանյալ Լևոն Կիզոկյանին նույն մեղադրանքն է առաջադրված: Նա զրպարտություն որակեց Լավրենտի Քոսյանի խոսքերը, ասաց. «Դա միակ դեպքը չի եղել. խալխի երեխեքի ընդունելության պատրվակով գումարները լափել ա, ես ինձ մեղավոր եմ ճանաչում մի բան, որ իրա հետ գլուխ եմ դրել»,- այնուհետև հավելեց, թե որևէ գումար չի վերցրել. «Ես գումար չեմ տեսել, կրկնում եմ Աստծո առաջ, եթե ես մեկ ցենտ գումար յուրացրած լինեի, դռնեդուռ կընկնեի, որ տիկին Լիլիայի պարտքը տայի, խնդրում եմ դատարանին ինձ արդարացնել»:

Լիլիա Մարտիրոսյանը, ում նույնպես մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու համար, դատական նիստի ընթացքում արտասվում էր: Իր ճառում տիկին Մարտիրոսյանը նշեց. «Լևոնն ինձ խաբել է, ես անգամ ձայնագրություն ունեմ, որտեղ նա խոստումներ է տալիս, խնդրում եմ մեղմ վերաբերեք ինձ հետ»:

Այսքանով դատական վիճաբանությունների փուլը համարվեց ավարտված, դատարանն անցավ ամբաստանյալների վերջին խոսքը լսելու: Ամբաստանյալները պնդեցին իրենց ճառը. ավելացնելու ոչինչ չունեին:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Արիս Բարսեղյանը: Նախագահողը դատավոր Մնացական Մարտիրոսյանն է:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալները դեմ էին իրենց լուսանկարահանելուն:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել