Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատավարությունը: Մինչ ապացույցների հետազոտմանն անցնելը, դատարանը քննեց միջնորդությունները Հայկազի մահվանն առնչվող այլ գործերը մեկ վարույթում միացնելու և միասին քննելու միջնորդությունները:
Մասնավորապես, ամբաստանյալներից Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց, որ Կարեն Բաղրամյանի գործը ևս միացվի այս գործին, քանի որ կա մտահագություն, որ առանձին քննության դեպքում նա հանդեպ ավելի մեղմ պատիժ կնշանակվի և նա չի խոսի նախաքննության ընթացքում իր հանդեպ խորթ մեթոդներ կիրառելու մասին: Իսկ հետագայում էլ այս գործով դատարանը կաշկանդված կլինի այն մյուս գործով ընդունված դատավճռով:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ պաշտպաններից Հովիկ Արսենյանն էլ հավելեց, որ Կարեն Բաղրամյանի գործի մասին մամուլից են տեղեկացել, որ արագացված կարգով քննելու միջնորդություն է արվել:
Մեղադրող կողմը առարկեց այս միջնորդության դեմ, իսկ տուժող կողմը՝ թողեց դատարանի հայեցողությանը: Դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, որոշեց, որ քննության այս փուլում չի կարող մեկ վարույթում միացնելու հարց քննվել:
Այնուհետև սկսվեց ապացույցների հետազոտման փուլը: Նախորդ տարվա հունվարի 29-ին դեպքի վայրի զննության վերաբերյալ մասնավորապես հայտնի դարձան տեղեկություններ, որ արնանման հետքեր են հայտնաբերվել մարզահրապարակի տարածքում ռազմական ինստիտուտի աստիճանների, կուրսանտների հանգստի սենյակում գտնվող պահարաններից մի քանիսում առկա բաճկոնների վրայից։ Հայկազ Բարսեղյանի պարահանում կախված բաճկոնի գրպանում հայտնաբերվել է գրություն. «Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար, կներեք»:
Հունվարի 31-ի լրացուցիչ զննության ժամանակ հայտնաբերվել է, որ Հայկազ Բարսեղյանի մահճակալի տախտակը ճաքած է, իսկ մեկ այլ մահճակալի տակդիրի տակից հայտնաբերվել է դանակ, որի պոչին եղել են արնանման հետքեր: