Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Առնոլդ Վարդանյանի աշխատությունը «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունավետ քննության հիմնահարցերը» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
- Ներկա իրավիճակ
Իրավագիտության զարգացման ներկայիս հոլովույթում արդիական հիմնահարցերից է հանդիսանում այն հարցը, թե ինչպե՞ս մշակել կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության առաջնային նախապայման հանդիսացող նախնական քննության արդյունավետ կառուցակարգ։
Այդ կառուցակարգի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ երկու խնդիրներով` ա) նախնական քննության ընթացքում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, բ) հնարավորինս նվազեցնել կոռուպցիոն հանցագործությունների բարձր լատենտայնությունը։
Ներկայումս, կոռուպցիոն հանցագործությունների ցանկը հաստատված է ՀՀ գլխավոր դատախազի` 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով, որը լրամշակվել 2013թ. մարտի 19-ի թիվ 12 հրամանով[1], որոնց լատենտայնության մասին է վկայում այդ հանցագործություններ վերաբերյալ առկա վիճակագրությունը[2]:
Մինչդեռ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2019 (2013) հանձնարարականի համաձայն կոռուպցիան հանդիսանում է իրավունքի գերակայությունը վտանգող սպառնալիք, որի դեմ անհրաժեշտ է արդյունավետ պայքար մղել[3]։ Իսկ 1943 (2013) բանաձևի համաձայն` կոռուպցիայի դեմ պայքարը հռչակված է որպես Եվրոպայի խորհրդի 2014–2015թթ–ի առաջնային միջոցառում[4]։
Ներկայումս, գործող քրեական դատավարության օրենսգրքի իրակավակարգավորումների պայմաններում, քրեական գործը հարուցվում է բացառապես այն դեպքում, երբ առկա են` ա) օրինական առիթ, բ) բավարար հիմքերի համակցություն։ Կոռուպցիոն հանցագործությունների քննության անարդյունավետությունը իրավակիրառ պրակտիկայում պայմանավորված է այն հանգամանքով, որ գրեթե բոլոր դեպքերում քրեական գործի հարուցման օրինական առիթը լինում է (համապատասխան ֆիզիական անձի կամ զանգվածային լրատվության միջոցի հաղորդումը), սակայն բավարար հիմքերի համակցությունը ոչ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններում որպես կանոն բացակայում է ֆիզիակական անձ տուժողը` քրեադատավարական իմաստով[5], բացի այդ առկա է բավականին բարձր լատենտայնություն, արդյունքում քրեական հետապնդման մարմինը չի կարողանում ձեռք բերել բավարար հիմքերի համակցություն, որի պատճառով չի հարուցվում քրեական գործ և չի բացահայտվում հանցագործությունը։
Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015–2018թթ ռազմավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման համաձայն` անհրաժեշտ է «բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահել լիազորություն` վարքագծի կանոնագրքերի պահանջների, ներառյալ շահերի բախման կանոնների, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների խախտում թույլ տված հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց նկատմամբ իրավական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկություններ ներկայացնելու իրավասու անձանց կամ մարմիններին կամ ինքնուրույն կիրառել պատասխանատվության միջոցներ»[6]։
- Միջազգային փորձ
Արտասահմանյան երկրների ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առաջնային միջոց է համարվում օրենքի ընդունումը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Այդպիսի օրենք արդեն վաղուց են ընդունել մի շարք երկրներ։
Օրինակ, Մեծ Բրիտանիայում գործում է կոռուպցիայի կանխարգելման մասին օրենք (The Prevention of Corruption Act), որն ընդունվել է դեռևս 1889 թվականին, իսկ հետո ենթարկվել լրացումների և փոփոխությունների 1906 և 1916 թվականներին։ Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ Մեծ Բրիտանիան պատկանում է անգլոսաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրների շարքին, ապա այստեղ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի հարցերը առավելապես կարգավորված են նախադեպային իրավունքի մակարդակով[7]։
Նույն ձևով, կոռուպցիայի դեմ պայքարի օրենք ընդունվել է ԱՄՆ–ում ֆեդերալ մակարդակով 1989 թվականին, որն առավել կոնկրետացվել և իր արտացոլումն է ստացել նահանգների օրենսդրությունում։
Հանցագործությունների քննության արդյունավետության առումով նույն ԱՄՆ փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ վերջինիս քրեական դատավարությունում բացակայում է քրեական գործի հարուցման փուլը[8]։
- Առաջարկվող լուծումները
Կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննությունը ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում ընդունել օրենք` կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որում կսահմանվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման և լուծման ընթացակարգը։
Այդ նույն օրենքը պետք է սահմանվի նաև կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը, քանի որ ներկայումս իրավակիրառ պրակտիկայում լայնորեն օգտագործվող ՀՀ գլխավոր դատախազի հրամանը ոչ այլ ինչ, քան ՀՀ գլխավոր դատախազության ներքին իրավական ակտ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից չի կարող ստանալ նորմատիվ բնույթ։
Բացի այդ, կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում`
- ընդունել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի էթիկայի միասնական կանոնագիրք (որպես կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի հավելված), որը իր իրավական ուժը չպետք է տարածի դատավորների և քննիչների նկատմամբ` հաշվի առնելով նրանց անկախության ապահովման անհրաժեշտությունը։ Դատավորները պետք է ղեկավարվեն իրենց համար հատուկ գրված վարքագծի կանոնագրքով, որի կատարման նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի դատական իշխանության ինքնակառավարման մարմին Արդարադատության խորհուրդը (նոր Սահմանադրության նախագծով արդեն` Բարձրագույն դատական խորհուրդը)։ Նույնը նաև քննիչների համար, որոնց վարքագծի նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնի ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը։
- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրել այնպիսի իրավական ներգործության միջոցներ, ինչպիսիք, որ այսօր տրված են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին, որը վերահսկողություն է իրականացնում փաստաբանների վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանումը փաստաբանների կողմից։ Սակայն ի տարբերություն, փաստաբանների պալատի խորհրդի, էթիկայի հանձնաժողովը մեր կարծիքով պետք է օժտված լինի, ավելի գործուն իրավական ներգործության միջոցներով։
Իրավական ներգործության միջոցները պետք է ընդգրկեն հետևյալ շրջանակը`
ա) նկատողություն,
բ) խիստ նկատողություն,
գ) տուգանք,
դ) պաշտոնավարման կասեցում,
ե) պաշտոնավարման դադարեցում,
զ) հաղորդում ներկայացնել քրեական հետապնդման մարմնին։
Իրավական ներգործության միջոցներից յուրաքանչյուրի հիմքում պետք է դնել նոր Սահմանադրության նախագծում ամրագրված համաչափության սկզբունքը և յուրաքանչյուր ներգործության միջոց ընտրելիս իրավական որոշակիության (res judicita) սկզբունքի համաձայն պատճառաբանել տվյալ միջոցի ընտրման անհրաժեշտությունը։
Իրավական ներգործության միջոցների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ամրագրել, որ պաշտոանատար անձի կողմից վերը նշված ա), բ) կամ գ) կետով նախատեսված կարգապական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կարգապահական տույժի ենթարկվելը ա), բ) կամ գ) կետով, ավտոմատ հանգեցնում է դ) կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառման` պաշտոնավարման ժամկետի կասեցման` 6 ամիս ժամկետով։
բ) կետով նախատեսված տուգանքի հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել ոչ թե հստակ գումարի չափ օրինակ մինչև 200.000 դրամ, ինչպես որ դա արված է օրինակ տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելիս, այլ հիմքում պետք է դնել անձի ամսական եկամտի այն չափը, որը վերջինս հայտարարագրել է որպես պաշտոնատար անձ։ Հակառակ պարագայում, իրավական ներգործության միջոցը արդյունավետ չի լինի, բացի այդ արդարացի չի լինի անձին տուգանել 200.000 դրամ, որի եկամուտը կազմում է 1 միլիոն դրամ, և նույն 200.000 դրամ տուգանքը կիրառել այն պաշտոնատար անձի նկատմամբ, որի եկամուտը 20 միլիոն դրամ է։
Պաշտոնավարման կասեցումը արտասահմանյան երկրների վարքագծի կանոնագրքերում բավականին տարածված կարգապահական տույժի միջոց է, որը ցավոք ներկայումս չի կիրառվում ՀՀ–ում, նույնիսկ բացակայում է փաստաբանների վարքագծի կանոնագրքում։
Գտնում ենք, որ այն խիստ անհրաժեշտ է ներդրնել ՀՀ–ում, սահմանելով, որ պաշտոնատար անձի պաշտոնավարումը կարող է կասեցվել 6 ամսից մինչև առավելագույնը 3 տարի ժամկետով` կախված վարքագծի կանոնների խախտման ծանրության աստիճանից։
Պաշտոնավարման կասեցման 3 տարի առավելագույն ժամկետի սահմանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանից ավելի ժամանակահատվածով այդ սանկցիայի կիրառումը կդառնա աննպատակահարմար։ Օրինակ ԱԺ պատգամավորը, ով պաշտոնավարում է 4 տարի ժամանակահատվածով, կարգապահական տույժի ենթարկվելով` հետապնդվող նպատակը արդյունավետ կհամարվի, եթե վերջինս զրկվի իրավունքից պաշտոնավարելու ընտրված ժամանակահատվածի մեծ մասում։
Պաշտոնավարման կասեցումը երբևէ չպետք է նույնանա պաշտոնավարման դադարեցման հետ։ Կարծում ենք, որ վերջինս պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց և կիրառվի այն դեպքում, երբ պաշտոնավարման կասեցումը չի արդարացնում կիրառված կարգապահական տույժի նպատակները (դառնալով այլընտրանքային կարգապահական տույժ)։
Ինչ վերաբերում է վերջին` զ) կետում ամրագրված կարգապահական տույժին` հաղորդում ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ապա այն պետք է կիրառվի բոլոր այն դեպքերում, երբ էթիկայի հանձնաժողովը պաշտոնատար անձի վարքագծում կգտնի ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
Սակայն այդ հաղորդումը պետք է ներկայացնի ոչ թե քննչական կոմիտե, այլ ՀՀ հատուկ քննչական ծառայության առանձին ստորաբաժանում, որը պետք է մասնագիտացված լինի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննմամբ։
Կարևոր է նշել նաև նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի կողմից տրված լուծումները` հանցագործություների քննության արդյունավետության բարձրացման առումով։ Նախագիծը ներկա պահին ընդգրկված է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը վերացնում է քրեական գործի հարուցման փուլը` անձի կամ ԶԼՄ–ի տված հաղորդումը բավարար համարելով նախաքննություն իրականացնելու համար, որը գործող իրավակարգավորումների պայմաններում հնարավոր չէ, քանի որ նախաքննությունը ներկայումս սկսվում է բացառապես քրեական գործի հարուցման պահից։ Արդյունքում,կոռուպցիոն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մակարդակը և էականորեն կնվազի դրանց լատենտայնությունը մեր համոզմամբ։
Օգտագործված գրականության ցանկ
- Նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ (2013թ.),
- Նոր Սահմանադրության նախագիծ (2015թ.),
- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015–2018թթ ռազմավարության ծրագիրը,
- ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանը,
- ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդումը 2015թ,
- New York Lawyer’s Code of Professional Responsibility,
- Кушниренко С.П. Особенности расследования взяточничества: Учебное пособие. СПб., 2002,
- Б. В. Волженкин, Коррупция, Санкт-Петербург, 1998г,
- В. Н. Махов M. А. Пешков, уголовный процесс США (досудебные стадии), Москва,1998г,
- Federal act on the Freedom of Movement for Lawyers (Lawyer’s Act , FAFML) of 23 June 2000,
- The Resolution 1943 (2013)1 of Parliament Assembly,
- The Recommendation 2019 (2013)1 of Parliament Assembly,
- The Prevention of Corruption Actof Great Britain.
[1] Տե՛ս https://prosecutor.am/am/corruption/corruption/
[2] Տե՛ս https://prosecutor.am/ckfinder/userfiles/files/AJ%20Naxagah%20Haxordum%202014.pdf
[3] Տե՛ս https://assembly.coe.int/nw/xml/XRef/X2H-Xref-ViewPDF.asp?FileID=19951&lang=en
[4] Տե՛ս https://assembly.coe.int/nw/xml/XRef/X2H-Xref-ViewPDF.asp?FileID=19948&lang=en
[5] Տե՛ս Кушниренко С.П. Особенности расследования взяточничества: Учебное пособие. СПб., 2002. стр 12
[6] Տե՛ս https://moj.am/storage/files/legal_acts/legal_acts_3132588564441__1.pdf
[7] Տե՛ս Б. В. Волженкин, Коррупция, Санкт-Петербург, 1998г стр 54
[8] Տե՛ս В. Н. Махов M. А. Пешков, уголовный процесс США (досудебные стадии), Москва,1998г, стр 50
Կարդացեք նաև՝
Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում
«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում
Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ
Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները
Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով
Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար
Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում
«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան
Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը
Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը