Կրթության մեջ կատարվող ներդրումները ամենակարևորն են, որը հետագայում վերադառնալու է հազարապատիկով: Այս հիմքով մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ողջույնի խոսքում նշեց. «Դուք գիտեք, որ Հայաստանում հակակոռուպցիոն իրազեկության և կրթության մակարդակը բավականին ցածր է, հասարակությունը մեծամասամբ հակված է կոռուպցիայի, այսինքն՝ հարկավոր է հասարակության շրջանում սերմանել արժեքներ, որպեսզի քաղաքացիները կոռուպցիան ընկալեն որպես չարիք և կարողանան իրենց ներդրումը կատարել կոռուպցիայի հաղթահարման գործընթացում»: Այս առումով դպրոցի մասնակիցներից ակնկալիքները բավականին շատ են. «Դուք վաղվա առաջնորդներն եք լինելու, իսկ առաջնորդները պետք է կարողանան իրենց գաղափարները տարածել հանրության շրջանում»,- ասաց պարոն Զադոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը իր հերթին նշեց, որ հասարակության շրջանում մեծ չէ իրազեկության մակարդակը կոռուպցիայի վերաբերյալ. «Ընդունված է ասել կոռուպցիա, կաշառակերություն, կաշառք տալ ու վերցնել, իրականում այդ հասկացողությունը բավականին լայն է, կոռուպցիան մի երևույթ է, երբ որոշակի լիազորություններով, այդ թվում՝ իշխանական լիազորություններով օժտված անձիք դրանք օգտագործում են հանրային շահից չբխող օգուտներ ստանալու համար: Մեր ամբողջ նպատակն է, որ անհանդուրժողականություն դրսևորվի կոռուպցիայի նկատմամբ: Եթե ձեզնից յուրաքանչյուրը պայքարի կոռուպցիայի դեմ շոշափելի փոփոխություն կնկատվի»,- ասաց նախարարի տեղակալը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջոն Ջեյք Գոշերթը ողջունեց մասնակիցներին՝ նրանց ցանկանալով հաջողություններ հետագա ուսումնառության ընթացքում: Պարոն Գոշերթը նաև մեջբերումներ արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Եվ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացումը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ՝ այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հստակ է մի բան՝ կոռուպցիան խնդիր է, որի դեմ ստիպված են պայքարել աշխարհի բոլոր երկրները»,- դեսպանի խոսքերը մեջբերեց Ջոն Ջեյք Գոշերթը:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը վստահություն հայտնեց, որ դպրոցը գործուն հարթակ կարող է ծառայել հակակոռուպցիոն պայքարի և դրա համապատասխան գործիքակազմեր մշակելու ու կյանքի կոչելու տեսանկյունից:
ՀՀ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ, «Ինթեգրիթի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության «Բարեխղճության կրթական ցանց» ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մենեջեր Հարություն Ալեքսանյանը հույս հայտնեց, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները կծառայեն երիտասարդներին իրենց հետագա գործունեության ընթացքում. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս հակակոռուպցիոն կրթությանը՝ որպես պայքարի կարևոր մաս, դուք պետք է հետագայում կարողանաք ինքներդ կրթել ու դաստիարակել շրջապատի անձանց»,- ասաց նա:
Հայաստանում տասնյակից ավելի բուհեր կան, սակայն շատ քիչ ուսումնական հաստատություններում է, որ առկա է հակակոռուպցիոն բնույթի կամ բարեխղճությանը նվիրված դասընթացներ, շեշտեց ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, փաստաբան Մարատ Ատովմյանը. «Ես սա համարում եմ մեր բուհական համակարգի էական բացթողումներից մեկը: Չկան համապատասխան դասընթացներ և այդ արժեհամակարգը չի մատուցվում ուսանողներին: Այդ դպրոցը միտված է մի փոքր լրացնելու այդ բացը»,- ասաց պարոն Ատովմյանը:
Ողջույնի խոսքից հետո մասնակիցները ներկայացրեցին սեփական ակնկալիքները, այնուհետև «Հակակոռուպցիոն արժեքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Կարեն Զադոյանը:
Նա ներկայացրեց կոռուպցիայի հասկացությունը, մակարդակը և դրսևորումները: Պարոն Զադոյանը իր դասախոսության մեջ հատուկ առանձնացրել էր բարձր արժեքային համկարգեր կրող և դրանք սերունդներին փոխանցած առաջնորդների գործունեությունը, մասնավորապես նա խոսեց Մարտին Լյութեր Քինգի արժեքներից. «Դրանք են՝ ոչ ռասսիզմ, ազատություն, արդարություն, իրավահավասարություն: Մարտին Լյութեր Քինգի հայտնի իմաստուն մտքերը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար, նա ասում էր. «Ես երազանք ունեմ, որ մի օր իմ 4 երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանց կդատեն՝ հաշվի առնելով ոչ թե մաշկի գույնը, այլ նրանց էությունը: Դիմադրությանը այլընտրանքեր չկան: Միայն բողոքը կօգնի ազատվել համբերությունից, որը ստիպում է համաձայնել ազատության և արդարության բացակայության հետ», բացի այդ պարոն Զադոյանը անդրադարձավ նաև Մահաթմա Գանդիի արժեքներին. «Գանդին մշակել էր պայքարի միջոց, որը հիմնված էր արիության, արդարության և ոչ բռնության արժեքների վրա, այն անվանվում էր Սատյագրահա (հաստատակամություն ճշմարտության մեջ)»,- ասաց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգողը:
Նա խոսեց Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի արժեքներից, մեջբերեց նրա իմաստուն մտքերից մեկը. «Ամենակարևորը ունենալ անբասիր կենտրոնական իշխանություն: Եթե վերևում գտնվող մարդիկ բարոյական չափանիշների մարմնավորում և օրինակ չեն, որ աստիճանաբար ներդնում են իշխանության ավելի ցածր օղակներ, ինչ որ բան անել շատ դժվար է»:
Այնուհետև երիտասարդները մասնակցեցին խմբակային աշխատանքի, որը միտված էր նրանց արժեքային համակարգի բացահայտմանը: «Արժեքների աճուրդ» կոչվող խաղի արդյունքներում մասնակիցներն առանձնացրին երեք արժեքներ, որոնք նրանց համար առաջնային են, դրանք են՝ պատժի անխուսափելիություն, բարոյականություն և թափանցիկություն/հաշվետվողականություն:
Դպրոցի մասնակիցներից տնտեսագետ Գուրգեն Ազատյանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում, նրա կարծիքով այն պետք է սկսել դպրոցականներից և ուսանողներից. «Այսպիսով մենք ավելի շուտ հաջողության կհասնենք՝ կոռուպցիայի դեմ պայքարում»:
Նրա հետ համամիտ է մասնակիցներից Անի Պապյանը. «Ավելի քան կարևորում եմ իրավագիտակցությունը, որը քաղաքացու մեջ ձևավորվում է հենց դպրոցական տարիքից, ակնկալում եմ այստեղ ստացած գիտելիքները օգտագործել նաև աշխատավայրում: Ես վստահ եմ, որ մեր սերունդը ակտիվորեն պետք է ներգրավված լինի կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց նա:
Հավելենք նաև, որ դպրոցին մասնակցելու համար դիմել են 32 երիտասարդներ, հարցազրույցների արդյունքում նրանցից ընտրվել են 18-ը, որոնցից 15-ը վերջնական ընտրության արդյունքով, որպես ունկնդիրներ կմասնակցեն դպրոցի աշխատանքներին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի աշխատանքները կտևեն մինչև 2015թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ