«ՄԱԿ-ի մոդել»-ի հերթական՝ 5-րդ կոնֆերանսը տեղի ունեցավ այսօր Երևանում: Կազմակերպիչը՝ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան է: Սա մի խաղ է, որի շրջանակներում ուսանողները կոնֆերանսի թեմայով կրկնօրինակում են ՄԱԿ-ի պետություններին՝ վեր հանելով խնդիրներն ու լուծումներ առաջադրելով:
Կոնֆերանսի թեման կլիմայական փոփոխությունների ու կայուն զարգացմասն մասին է: Հայ ուսանողները հանդես են գալիս 50 տարբեր երկրների ներկայացուցչի անունից:
«Կոնֆերանսի նպատակն է երիտասարդությանը ինտեգրելը և հնարավորություն տալ քննարկելու և կարևորություն տալու այնպիսի հարցերին, որ բոլորին են հետաքրքրում, շատ հետաքրքիր է հասկանալ նոր լուծումներ, որոնք կառաջադրեն երիտասարդներ»,- Իրավաբան.net-ին ասաց Կոնֆերանսի ընթացքում համակարգող, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդական թևի ղեկավար Նատալի Սահակյանը:
Արաքս Միքաելյանը սովորում է ԵՊՀ-ում, նա ներկայացրել է Հարավային Կորեան: Արաքսը նշում է, որ շուրջ մեկ ամիս ուսումնասիրում է այս երկրի կլիմայական մոդելը. «Հարավային Կորեան այս ուղղությամբ ամենազարգացած երկիրն է, ունի հզոր պոտենցիալ, փորձել եմ այս երկրի փորձով նաև օրինակ ծառայել այլ երկրների համար, այսինքն՝ ինչպես վերացնել կլիմայական փոփոխությունների հետևանքներն ու ինչպես անել, որ այն չանդրադառնա տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտի վրա»,- ասաց նա:
ԵՊՀԼ-ի ուսանող Մարիամ Ներսիսյանը ներկայացրել է Ավստրալիան. «Ես վեր եմ հանել երկու խնդիր՝ օվկիանոսի ծովի մակարդակի բարձրացման խնդիրը, օդի աղտոտման խնդիրը, որի հիմնական պատճառը վերցրել եմ ատոմակայանները, առաջարկում եմ, որ բոլոր երկրները խիստ օրենք ընդունեն, որ ատոմակայանների շահագործումը սահմանափակվի, դրվեն լավ ֆիլտրներ, որ աղտոտված նյութերը քիչ լինեն»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողը:
Սոնա Մակասյանի՝ ԵՊՀ ուսանող, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի անդամի խոսքերով նման կոնֆերանսները կոտրում են ուսանողների մեջ վաղը, որ առաջանում է հասարակության առջև ելույթ ունենալիս. «ՄԱԿ-ի մդոլն ուժ է տալիս, որ դու ունես քո խոսքի և ազատության իրավունքը և դու պետք է կանգնես՝ արտահայտելու քո տեսակետը»,- ասաց մեր զրուցակիցը:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի խորհրդատու Հրաչյա Կաժոյանի խոսքերով՝ նման կոնֆերանսները երիտասարդներին տալիս են դիվանագիտական պատկերացումներ ու հմտություններ, խոսելով թեմայի ընտրությունից՝ նա ասաց. «Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, մեր տնտեսության զգալի մասը այս ճյուղից է կապված, հիմա կլիմայի փոփոխությունը շատ է ազդում մեր տնտեսության վրա, այդ ադապտիվ միջոցները պետք է վաղօրոք մշակվեն, համակարգը պետք է նախապես պատրաստվի, նման միջոցառումների շնորհիվ գալիք սերունդն իմանում է մարտահրավերների մասին ու գտնում տեղական լուծումները»,- ասաց պարոն Կաժոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ վերջնարդյունքն ամփոփվում է ու ներկայացվում կառավարությանը: