Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Վարդանյանի, Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով համագյուղացիներ Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի հետ, 2013թ. ապրիլի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ Արգիշտի Վիրաբյանի հետ համագյուղացի Անյուտա Գրիշյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով և հաղթահարելով վերջինիս դիմադրությունը նրան նստեցրել է Արգիշտի Վիրաբյանի «Մերսեդես» մականիշի ավտոմեքենան և Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի հետ բացահայտ առևանգելով Գրիշյանին տեղափոխել Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող Ստելլա Խանամիրյանի տուն և Գրիշյանի կամքին հակառակ նրան պահել այնտեղ:
Նորայր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով համագյուղացիներ Ռուբեն Վարդանյանի և Արգիշտի Վիրաբյանի հետ, 2013թ. ապրիլի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից Ռուբեն Վարդանյանի և Արգիշտի Վիրաբյանի հետ համագյուղացի Անյուտա Գրիշյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով և վերջինիս դիմադրությունը հաղթահարելուց ու նրան Արգիշտի Վիրաբյանի «Մերսեդես» մականիշի ավտոմեքենան նստեցնելուց հետո, նշված ավտոմեքենան վարելու միջոցով բացահայտ առևանգել է ավտոմեքենայի մեջ գտնվող Անյուտա Գրիշյանի, ապա Ռուբեն Վարդանյանի և Արգիշտի Վիրաբյանի հետ նրան տեղափոխել Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող Ստելլա Խանամիրյանի տուն և Անյուտա Գրիշյանի կամքին հակառակ նրան պահել այնտեղ:
Գործով մեղադրյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում, իսկ Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի նկատմամբ` ստորագրույթուն չհեռանալու մասին:
Երեք մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ որի`
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: