«Արդեն կոտորվել ենք, ո՞նց կարելի ա մարդկանց հետ սենց վարվել». բողոքում են Ոսկետափի բնակիչները (Տեսանյութ)

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բնակիչները մեկ ամիսից ավելի է ջուր չունեն: Իրավաբան.net-ի թղթկացի հետ զրույցում նրանք վստահեցրին, որ վերջին անգամ ջուր են ունեցել մայիսի 20-ին:

 

Մեր զրուցակից Արփինեն փաստեց, որ ստիպված են լինում մի քանի օրը մեկ ջուրը գնել՝տոննայի համար վճարելով 2000 դրամ. «Ինչքա՞ն մենք կարող ենք ջուր գնել, կան մարդիկ, որ ֆինանսապես անապահով են: Վերջին անգամ երկու տոննա ջուր եմ գնել երկու օր առաջ: Դրա կեսն արդեն օգտագործել եմ»:

 

Նրա խոսքերով՝ գյուղում կան ջրային փոսեր, որոնք ջուր եղած ժամանակ լցնում են, որպեսզի հետագայում օգտագործեն. «Վերջին անգամ, երբ ջուր տվեցին ոչ ոք չհասցրեց լցնել այդ փոսերը: Հիմա ստիպված ջուրը առնում ենք: Անգամ ոռոգման ջուր չունենք, որ գոնե կարողանանք լվացք անել, բանջարեղեն լվանալ, առօրյա հոգսերը հոգալ»:

 

Բնակիչներից մի քանիսի խոսքերով՝ Ոսկետափում ամռանը միշտ էլ խնդիրներ են եղել: Ջրի խնդրիների պատճառով անգամ երեխաներին դպրոց չեն կարողացել ուղարկել:

 

Բնակիչները բողոքել են և՛ մարզպետարան, և՛ ջրմուղկոյուղի, բայց խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Համապատսխան մարմինները այդպես էլ որևէ հստակ պատասխան խնդրի լուծման համար չեն ներկայացնել:

 

Դեռևս հունվար ամսին գյուղի բնակիչ Գոռ Գաբրիելյանը դիմում էր ուղարկել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ -ի կենտրոնական գրասենյակ: Սակայն դիմումի պատասխանը ստացել էր վեց ամիս անց՝ հունիսի 12-ին: Այսինքն` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ -ն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն գրավոր հարցման պատասխանը տրվում է քաղաքացուն հարցումը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նույն օրենքը սահմանում է նաև, որ եթե գրավոր հարցման մեջ նշվա ծտեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

 

Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը պարզաբանելով խնդիրը՝ նշեց, որ դա պարզապես սխալմունք է եղել, և գրությունը բաժանորդին չի հասել. «Մեր կողմից սխալ է եղել: Բաժանորդը դիմել է մեզ, և քանի որ Արարատի մարզի խնդիրներով զբաղվում է Կենտրոն արևմտյան մասնաճյուղը, մենք հանձնարարեցինք հենց այդ մասնաճյուղին պատասխանել քաղաքացու դիմումին»:

 

Վերջինիս հավաստմամբ` պատասխանը պետք է ուղարկվեր և՛ տնօրենին` Պատրիկ Լորենին, և՛քաղաքացուն՝ Գոռ Գաբրիելյանին, բայց պատասխանը սխալմամբ ուղարկվել է միայն տնօրենին. «Վեց ամիս անց վերծանելով դիմումները տեսա, որ ինձ մոտ բաց կա: Եվ հենց այդ ժամանակ էլ պատասխանեցինք Գոռ Գաբրիելյանին»:

 

Բաժնի տնօրենի խոսքերով՝ Ոսկետափում նման խնդիր առաջացել է այն ժամանակ, երբ գյուղապետարանը առանց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու կատարել է սխալ շինարարական աշխատանքներ, որի արդյուքնում էլ առաջ է եկել նման խնդիր:

 

Մինչդեռ գյուղի բնակիչները վստահեցրին, որ վերջին տասը տարում իրենք նորմալ ջրամատակարարում չեն ունեցել:

 

«Միայն 2012 թվականի ապրիլ ամսին տասը օրը մեկ ջուր ենք ունեցել: Դա վերջին տասը տարվա մեջ բացառություն է եղել»,- ասաց մեր զրուցակից Արփինեն:

 

Գյուղի բնակիչներից մի քանիսը նշեցին նաև, որ եղած ջուրը փոխանակ իրենց տան,խոզաբուծական ֆերմաներին են փոխանցում. «Մեկ էլ ամիս ամիսուկես առաջ ենք ջուր ունեցել: Ջուրը մեզ տալու փոխարեն խոզաբուծական ֆերմաներն են օգտագործում, մուկ ու կռիսներն են օգտագործում: Հայաստանի ամենադժբախտ գյուղը Ոսկետափն ա, քանի որ ոչ տեր ունի, ոչ էլ տիրակալ: Դաշտից հոգնած գալիս ենք, ոչ կարողանում ենք լողանալ, ոչ լվացվել: Արդեն կոտորվել ենք: Ախր ո՞նց կարելի ա մարդկանց հետ սենց վարվել»:

 

Նշենք նաև, որ ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից Գոռ Գաբրիելյանին ուղարկված պատասխանի՝ Ոսկետափ գյուղի ներքին ցանցն ամբողջովին ընդգրկված է «Ասիական զարգացման» բանկի ֆինանսավորմամբ իրականացնող ծրագրերի մեջ, որի ավարտից հետո էապես կբարելավվի բնակիչների ջրամատակարարումը:

 

Վահագն Մանանդյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն:

 

 

Արև Ավագյան

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել