Միջադեպ՝ Նուբարաշենի սպանության գործի դատավարության ժամանակ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության գործով դատավարությունը:

Վկայի ցուցմունքի ժամանակ նիստերի դահլիճում ներկա տարեց անձանցից մեկը դիտողություն արեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանին՝ ժպտալու համար. «Մի ծիծաղի, հեռու նստի դրանից (ամբաստանյալից,-հեղ.)»: Փաստաբանը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի ուշադրությունը հրավիրեց քաղաքացու այս պահվածքի վրա և հայտնեց, որ եթե նա չհեռացվի դահլիճից, ապա ինքը կհեռանա:

Իսկ տղամարդը  ոտքի կանգնեց ու շարունակեց. «Էդ հանցագործին է փաթաթվում»: Դատավոր Ա. Գաբրիելյանը, քաղաքացուն դիմելով, ասաց, թե հարգում է նրա տարիքն ու ճերմակ մազերը, այդ իսկ պատճառով խիստ չի գտնվում նրա հանդեպ, և խնդրեց՝ զուսպ լինել: Իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը հեռացավ նիստերի դահլիճից: Նրան հետևեց նաև նրա գործընկեր Երվանդ Վարոսյանը:

Այնուհետև երեք ամբաստանյալները հայտնեցին, որ դեմ են առանց պաշտպանների ներկայության նիստի շարունակվելուն, և դատարանը ստիպված էր նիստը հետաձգել:

Իսկ մինչ այս միջադեպը դատարանում հարցաքննվում էր Վահագն անունով վկան, ով դեպքի օրը երեք դեպքի վայրի մոտակայքից երեք անձի էր տեղափոխել Նոր Նորք: Նա պատմեց, որ իր աշխատավայրում՝ ավտովերանորգման կետին մոտեցել են երեք տղաներ՝ սև «կապյուշոնով» հագուստով, նրանցից մեկն ասել է, թե ընկերոջ «սիրտը վատ է, մեռնում է» ու խնդրել՝ տեղափոխել հիվանդանոց: Սակայն մեքենա նստելուց հետո խնդրել են հիվանդանոց չտանել: Նրանց իջեցրել էր «Մերսեդես»-ի սրահի մոտ:

Իր խոսքով դեպքից հետո ոստիկանական բաժանմունքում «մի գիշեր նկար է նայել»՝ կասկածյալներին ճանաչելու համար և նրանցից մեկին ճանաչել է: Իսկ թե ում է ճանաչել, վկան հստակ չասաց: Իսկ ահա նախաքննության ժամանակ երկրորդ անգամ ցուցմունք տալիս նշել է երեք ամբաստանյալի մականունները՝ հայտնելով, թե կոնկրետ նրանից որ մեկը իր մեքենայի որ նստատեղին է նստած եղել, ինչ են զրուցել: Հայտնել է նաև, որ իրեն վատ զգացողը եղել է Գաստիկը (Վահան Հակոբյանը), ում դեմքը գունատ է եղել, քրտնած: Ավելի ուշ զգացել է, որ երեքն էլ գունատ են, ու կասկածել է, որ «ինչ-որ բան այն չէ»:

Հետաքրքիր էր նաև այն, որ նախաքննական ցուցմունքում վկան ամենայն մանրամասնությամբ նկարագրել է իր մեքենան նստած անձանց դիմագծերը՝ աչքերի, շուրթերի ձևը, հագուստը և այլն: Իսկ ահա դատարանում, երբ հարց տրվեց՝ ճանաչում է ամբաստանյալներին, ասաց, թե լուրերից է նրանց տեսել:

Հիշեցնենք, որ երեք ամբաստանյալներին էլ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով: Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել ինքնաձիգեր, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել