«Մայրս նախընտրեց, որ ես գնամ ու փրկվեմ, քան մնամ իրենց հետ՝ անորոշ վիճակում»․ Արցախից բռնի տեղահանված

«Բոլորը ցանկանում էին րոպե առաջ լքել Արցախը, քանի որ բոլորիս համար սարսափելի էր այն փաստը, որ ադրբեջանցիները կարող են մտնել քաղաք և բոլորիս կոտորել»,- այս մասին Արցախից բռնի տեղահանված Աննա Հայրիյանը պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

Նա հիշում է, թե ինչպես է իր զինվորական մայրը առաջին կրակոցից հասկացել, որ պատերազմ է սկսվել և հորդորել իջնել նկուղ․

«Չէի հասկանում, թե ոնց միանգամից սկսվեց պատերազմը, որովհետև բոլորիս համար անակնկալ էր։ Մեկ, երկու, արդեն երրորդ կրակոցի ձայնը որ լսեցինք, իջանք նկուղ․ դա մեզ համար սովորական էր»։

Պատմեց, որ ճանապարհի՝ լիովին փակվելու վտանգը զգալուն պես, բոլոր արցախցիները խանութներ էին գնում, գնումներ կատարում և պահեստավորում․

«Այդ ժամանակ սկսեց գործել տալոնային համակարգը, որտեղ մարդիկ գնում, ժամերով հերթ էին կանգնում կես հացի համար։ Բայց դիմանում էինք, գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում»։

Խոսելով Ադրբեջանի կազմում արցախցիների վերաինտեգրման մասին՝ Աննան դա բացառեց․

«Չենք կարող ապրել մի ազգի հետ, ով ծեր մանուկ բոլորին գլխատում է»։

Զրուցակիցը չի կարողանում բառերով փոխանցել այն զգացումները, երբ լսել են՝ պիտի լքեն Արցախը․

«Երբ իջա բակ, տեսա, որ բոլոր հարևանները մեքենաներով պատրաստվում են շարժվել, իսկ մենք մեքենա չունեինք։ Ծանոթներիցս մեկը զանգեց և ասաց, որ իրենց մեքենայում մեկ հոգու տեղ կա։ Չէի ուզում մայրիկիս ու տատիկիս մենակ թողնել, բայց մայրս նախընտրեց, որ ես գնամ ու փրկվեմ, քան մնամ իրենց հետ՝ անորոշ վիճակում»։

Արցախը լքելուց Աննային հույս էր տալիս այն, որ առանց մարդկային կորուստների են հեռանում, բայց չարաբաստիկ պայթյունի հետևանքով Աննան կորցրել է եղբորը։

Iravaban.netը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել