Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 26-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։
Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։
Iravaban․net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատական նիստին հարցաքննվեցին ևս երկու մեղադրյալներ։
Առաջինը հարցաքննվեց Վիգեն Մկրտչյանը, որը հայտնեց՝ իրեն ներկայացված մեղադրանքում, մասնավորապես կաշառքի միջնորդության և հափշտակության կատարման մեջ մեղավոր է ճանաչում ու զղջում է կատարածի համար։
Նշեց, որ նախաքննական ցուցմունքները ճշմարտացի չեն, դրանցից ամբողջությամբ հրաժարվում է, պատրաստ է դատարանում հայտնել ողջ ճշմարտությունը։ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ ծանոթացել է ծառայության ընթացքում` 2018 թվականի հունիսին, երբ վերջինս հանդիսանում էր ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ ինքը նշանակվել էր նույն կորպուսի զրահատանկային ծառայության պետ․ վերջինիս հետ այդ ժամանակից ի վեր գտնվել է լավ հարաբերությունների մեջ։
2021 թվականի մարտ ամսին ազատվել է աշխատանքից, ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում նախ որպես թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետի տեղակալ, ապա որպես նույն բազայի պետ, որտեղ փաստացի պաշտոնավարել է մինչև 2022 թվականի մարտ ամիսը։
2024 թվականի հունվարի 6-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Կաշառքի դրվագին անդրադառնալով՝ նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչում և զղջում է կատարածի համար։ Այդ դրվագի համար մեղադրվող Արթուր Օհանյանի մասին նշեց, որ նրան ճանաչում է մանկուց, սովորել են նույն դասարանում, նույն կուրսում, բացի այդ ունեն ազգակցական կապեր։
2021 թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին Արթուր Օհանյանը իրեն խնդրել է հնարավորության դեպքում խոսել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, որպեսզի վերջինս միջամտի Օհանյանին վերանշանակել, ծառայությունը շարունակել Արարատ քաղաքում գտնվող զորամասում, կամ այլ կերպ օգնել բնակության վայրին մոտ ծառայելու հարցում։
Վիգեն Մկրտչյանի խոսքով՝ Անդրանիկ Փիլոյանն ու Արթուր Օհանյանը նախկինում համատեղ ծառայություն են իրականացրել, և դրանից բացի 44-օրյա պատերազմի ընթացքում վերջիններս համատեղ մասնակցել էին մարտական գործողություններին։ Փիլոյանն իրեն ասել է՝ ՀՀ ԶՈՒ-ում չի աշխատում, և հավանականությունը փոքր է, որ նա կկարողանա անցնել այնտեղ, ավելի լավ է՝ օգնի Օհանյանին տեղափոխել ԱԻՆ ՓԾ։
Դրանից հետո նա գործուղվել է Լեհաստանի Հանրապետություն, նույն ժամանակահատվածում Արթուր Օհանյանն ու Անդրանիկ Փիլոյանը հանդիպել են, և Փիլոյանն Օհանյանին առաջարկել է ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնը։
«Հանդիպել ենք Արթուրի հետ և խոսել, թե ինչպես պետք է լավության տակից դուրս գա։ Նշեմ, որ Անդրանիկ Փիլոյանն ինչպես իմ, այնպես էլ Արթուրի հետ նախկինում ունեցած խոսակցությունների ընթացքում չէր պահանջել Արթուրի նշանակման դիմաց որևէ առարկայական բան, բայց, ամեն դեպքում, քանի որ Արթուրի հրամանն արդեն կար, ուզում էր ինչ-որ եղանակով վարձահատույց լիներ և շնորհակալություն հայտներ։ Քննարկեցինք և որոշեցինք՝ նա ոսկու ձուլակտոր (925 հարգի) առնի և նվիրի Անդրանիկ Փիլոյանին՝ որպես Արթուրի նշանակման դիմաց շնորհակալություն»,-ասաց մեղադրյալը։
Նա նաև հայտնեց՝ գնած ոսկու ձուլակտորը Արթուրը փոխանցել է իրեն՝ Փիլոյանին տալու նպատակով։ 2022 թվականի փետրվար ամսին գաղտնալսումների զննության արձանագրությունից ձուլակտորն իր ավտոմեքենայի մեջ փոխանցել է Փիլոյանին՝ ասելով, որ դա Արթուրին աշխատանքի տեղավորելու դիմաց շնորհակալության համար է։
Անդրադառնալով հափշտակության դրվագին՝ մեղադրյալն ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է արածի համար։ Իրեն մի քանի անգամ Հրաչյա Երեմյանն է զանգահարել, ասել, որ «Գագարինի» տեղամասի շենքերը պետք է առաջիկայում հանձնվեն ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե։ Մեղադրյալը մերժել է, ասել, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, սակայն վերջինս տեղեկացրել է ղեկավարությանը, որից հետո մի քանի անգամ բեռնատարներ է տրամադրել աշխատանքն իրականացնելու համար։
Նաև մեղադրյալը նշեց, որ հաճախակի հանդիպել է Հրաչյա Երեմյանի և Անդրանիկ Փիլոյանի հետ, ասել է՝ Արմեն անունով «զոդող» հարևան ունի, ով կարող է այդ աշխատանքն անել, վերջիններս հայտնել են՝ վճարման համար որևէ խնդիր չեն տեսնում։ Արմենի հետ ծառայողական ավտոմեքենայով գնացել են «Գագարինի» տեղամաս, Արմենը չափագրել է ապամոնտաժման ենթակա մետաղական բոլոր առարկաները, որից հետո սկսել են ապամոնտաժման աշխատանքները, ինքն այդ մասին տեղեկացրել էր թե՛ նախարարին, թե՛ Երեմյանին․ «Ո՛չ Անդրանիկ Փիլոյանի, ո՛չ Հրաչյա Երեմյանի հետ չեմ պայմանավորվել, որ այդ ապրանքների վաճառքից ինձ պետք է ինչ-որ գումար վերցնեմ կամ դրանք պետք է տամ։ Ես առհասարակ գումար աշխատելու ակնկալիք չեմ ունեցել»։
Վիգեն Մկրտչյանը հրաժարվեց հարցերին պատասխանելուց։ Դատավորը նշեց՝ հաշվի առնելով անձի հակընդդեմ հարցման իրավունքի հանգամանքը, տրված հարցը կարող են լսել, այնուհետև հասկանան մեղադրյալի դիրքորոշումը, միգուցե կոնկրետ որևէ հարցի ցանկանա պատասխանել։
Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց՝ հարցեր հնչեցնելը թիրախային նշանակություն ունի, որովհետև դատարանը ապացույցները գնահատում է ի թիվս այլ կոմպոնենտների, նաև իր ներքին համոզման հիման վրա, ըստ այդմ՝ խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել, թե ինչու՞ կամ ո՞ր հարցերին է Վիգեն Մկրտչյանը հրաժարվում պատասխանել։
Փաստաբանը նկատեց, որ բավական «անվարժ էր կարդում մեղադրյալը», և, ըստ այդմ, հետևյալ հարցը հնչեցրեց՝ արդյո՞ք այդ փաստաթուղթն ինքն է համակարգչի միջոցով հավաքել, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչն է անվարժ կարդալու պատճառը։
Մեղադրյալը չպատասխանեց հարցին, իսկ վերջինիս պատշպան Վարազդատ Բադալյանը կրկին ընդգծեց՝ ցանկացած հարցի իրավունք ունի չպատասխանել։
Անդրանիկ Մանուկյանը հաջորդիվ հետևյալ հարցերն ուղղեց՝ նախաքննության ընթացքում քանի՞ անգամ է հարցաքննվել մեղադրյալը, նախաքննական ցուցմունքից առնվազն չորսում եղած բովանդակությունը հակասում է մեղադրյալի՝ դատարանում տված ցուցմունքի բովանդակությանը, ի՞նչ է պատճառը, որ այդ ցուցմունքներից հրաժարվում է, ինչո՞ւ մեղադրյալի կարծիքով դատարանը հիմա պետք է հավատա իրեն այն պարագայում, երբ արդեն իր իսկ խոսքով փաստեց՝ մի անգամ ստել է․ չորս անգամ սուտ ասող մարդուն ինչո՞ւ պետք է դատարանը հինգերորդ անգամը բարեհաճ գտնվի և հավատա։
Մկրտչյանի պատշպանն առարկեց հարցի դեմ՝ ասելով․ «Մեղադրյալն իր ասածն ասաց, Դուք արդեն եզրափակիչ ելույթում Ձեր գնահատականները կտաք՝ որն էր ճիշտ, որն էր սուտ։ Ես կարծում եմ՝ դատարանն էլ վերջնական դատական ակտում դրան կանդրադառնա՝ համադրելով գործում առկա մյուս փաստական տվյալների հետ։ Դատարանին հարց ուղղելու իրավունք, կարծում եմ, այս պահին պաշտպանը չունի»։
Մանուկյանն ի պատասխան պաշպանի առարկության՝ ասաց․ «Ես կխնդրեմ ինձ դասեր չտալ, մանավանդ քրեադատավարական կամ քրեական իրավունքի տեսանկյունից․ ով, ով, պարոն Բադալյանը տեղյակ է՝ ես ինչքան կամ ինչ չափով եմ դրանց տիրապետում։ Ես ոչ թե գնահատում եմ, ես իմ համոզմունքն եմ հայտնում»։
Հափշտակության և մնացյալ հանգամանքների վերաբերյալ պաշտպանի տված հարցին մեղադրյալը ևս հրաժարվեց պատասխանել։
Անդրանիկ Փիլոյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց մեղադրյալի նախաքննական ցուցմունքները հրապարակել, որոնք տրվել են 2022 թվականի մայիս, հունիս, սեպտեմբեր ամիսներին։
Դատարանը թույլատրեց հրապարակել ցուցմունքները, որոնցում, ըստ պաշտպանի ներկայացրած կետերի, առկա են հակասություններ։
Կաշառք տալու և Արթուր Օհանյանի աշխատանքի ընդունման դրվագի վերաբերյալ իր նախաքննական ցուցմունքներում Մկրտչյանը հայտնել էր․ «Երբ Արթուրն ընդունելության է եղել Փիլոյանի մոտ, ես դրանից տեղեկացված չեմ եղել, այդ ժամանակ ես գտնվել եմ գործուղման մեջ Լեհաստանում, ուզում եմ ասել՝ Արթուրի հարցով որևէ պաշտոնատար անձի հետ չէի կարող որևէ պայմանավորվածություն ունենալ։ Ինչ վերաբերում է որպես կաշառք ոսկու ձուլակտոր փոխանցելուն, ապա ես չեմ հասկանում, թե ինչ ձուլակտորի մասին է խոսքը, ես որևէ պաշտոնատար անձի փոխանցելու համար Արթուր Օհանյանից ոսկու ձուլակտոր կամ այլ արժեքավոր իր չեմ վերցրել, չեմ փոխանցել»։
Մեղադրյալը նախաքննական ցուցմունքներում ապամոնտաժման դրվագի մասին հայտնել էր, որ ինքը «Գագարինի» տեղամասի հետ առնչություն չունի, նախարարն իր առջև խնդիր էր դրել, որ ապամոնտաժման և տեղափոխման գործընթացը կազմակերպի իր ուժերով, իսկ ապամոնտաժված ապրանքները տեղափոխվեն ԱԻՆ՝ ստորաբաժանման կարիքների համար։ Ինքը գիտակցել է, որ իրականացվում է օրինական գործընթաց, նույնիսկ իրեն ասել են, որ ապամոնտաժվող գույքերը հաշվեկշռում չեն գտնվում․ այդ մասին տեղեկացել է Հրաչյա Երեմյանից։
Նախաքննական ցուցմունքներում ապամոնտաժված գույքի ապօրինի տնօրինման և օգտագործման մասին մեղադրյալը հայտնել է․ «Նախարարի հանձնարարությունը վարաբերել է գույքի ապամոնտաժելուն և ոչ թե քանդելուն, ես կատարել եմ հանձնարարությունը։ Հանդիսանալով բազայի պետ՝ ես կարո՞ղ էի կատարել արդյոք հափշտակություն, եթե գույքի ապամոնտաժման նպատակը եղել է նույն գույքը ձևափոխելը և ԱԻՆ կարիքների համար հետագայում օգտագործելը, քրեական վարույթով ո՞ր տեղեկությունն է հաստատում հակառակը»։
Փիլոյանի պաշտպան Անդրանիկը կրկին հարց ուղղեց մեղադրյալին, որ ուզում է հասկանալ՝ եթե հրապակված ցուցմունքները սուտ են, ապա դրա դրդապատճառը ո՞րն է եղել, ինչո՞ւ է սուտ ցուցմունք տվել։
Վարազդատ Բադալյանն առարկեց՝ ընդգծելով, որ հարցը կրկնվում է․ «Մի առաջընթաց նկատեցի, որ պարոն Մանուկյանն էլ արդեն նախաքննական ցուցմունքների վերաբերյալ խոսելիս ասում է՝ սուտ են դրանց բովանդակությունը․ կխնդրեի հարցը հանել»։
Հայտարարություններ անելու ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ երկու պաշտպանների միջև, քանի որ Անդրանիկ Մանուկյանն իր խոսքում հիշատակեց Վարազդատ Բադալյանի հորեղբորը, ով կապված է եղել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկի հետ։
Պաշտպան Վարազդատ Բադալյանը Մանուկյանին ասաց․ «Ես չեմ հասկանում Ձեր անձնական շահագրգռվածության ու անձնականի վերածելու Ձեր ձգտումը, միտումը»։
Դատարանը հանդարտեցրեց կողմերին՝ հայտնելով, որ հակառակ դեպքում սանկցիաներ կկիրառի։
Այս գործով դատական նիստում հարցաքննվեց մեղադրյալ Արթուր Օհանյանը։ Մեղադրանքի մասով դիրքորոշում հայտնելու վերաբերյալ Օհանյանը նշեց՝ իրեն մեղավոր ճանաչում է, սակայն դիրքորոշում չի ցանկանում հայտնել, և, լռելու իր իրավունքից օգտվելով, չի ցանկանում ցուցմունք տալ, որևէ հարցի պատասխանել։
Անդրանիկ Փիլոյանի պաշտպանի հարցին, թե աշխատանքի ընդունելու համար որևէ կաշառք, որևէ առարկա մեղադրյալից պահանջվել է, թե ոչ, վերջինս այդ հարցին ևս չցանկացավ պատասխանել։
Դատական նիստը հետաձգվեց։
Մարիամ Շահնազարյան