Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նախադեպային դիրքորոշումներ է ձևավորել

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նախադեպային դիրքորոշումներ է ձևավորել խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը հարուցելու պահին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի լիազորությունների վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Վճռաբեկ դատարանից։

«2024 թվականի ապրիլի 15-ին որոշմամբ Վճռաբեկ դատարանը, զարգացնելով Արտեմ Խաչիկյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ քննիչի վարութային հարաբերական ինքնուրույնությունը պայմանավորած է մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությամբ, որն արտահայտվում է հսկող դատախազի՝ քննիչին հանձնարարություն տալու իրավասությամբ, դատախազի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ պատասխանատվությամբ, քննիչի անօրինական և անհիմն որոշումները վերացնելու լիազորությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազին վերապահված այլ լիազորություններով։ Այն պայմաններում, երբ քննիչի կողմից կայացված՝ անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու մասին որոշումը վերացվում է հսկող դատախազի կողմից՝ միաժամանակ քննչին հանձնարարելով դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, և քննիչը, օժտված լինելով հսկող դատախազի վարութային գործողությունների դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու լիազորությամբ, սպառում է որպես վարույթի հանրային մասնակցի իր ինքնուրույն գործելու քրեադատավարական մեխանիզմները, ապա այդ պահից դատարանին ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննիչի կողմից պնդելու կամ չպնդելու հանգամանքը այնքանով էական նշանակություն չի ունենում, որքանով, որ հսկող դատախազը դատալսումների ընթացքում ներկայացնում է իր դիրքորոշումները և հանդես է գալիս որպես վարույթ իրականացնող մարմին՝ ում հանձնարարության ուժով քննիչը դատարանին է ներկայացնում խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։

Վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը կարող է ենթակա լինել մերժման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ միջնորդությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանում չպնդելու պատճառաբանությամբ՝ այն դեպքում, երբ քննիչը կալանքի կիրառման միջնորդությունը ներկայացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իր լիազորությունների շրջանակում և դատարանում դատալսումների ընթացքում չի պնդում իր իսկ ներկայացրած միջնորդությունը՝ հիմնավոր կերպով պատճառաբանելով միջնորդությունը չպնդելու հանգամանքները, ինչպիսիք կարող են հանդիսանալ այնպիսի փաստական տվյալներ, որոնք նախքան խափանման միջոց կիրառելու վարույթ հարուցելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելը հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել