Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով ներկայացվեցին մի շարք ապացույցներ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ այսօր  տեղի ունեցավ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի հայցի քննությունը:

Օրաթերթի դեմ հայց է ներկայացվել այն բանի համար, որ նա իր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, իրավունքը խախտող փաստացի անճշտություններ է հրապարակել: Տիկին Խաչատրյանը պահանջում է, որ նյութը ջնջվի, իսկ պատճառված վնասը՝ հատուցվի, ինչպես նաև հրապարակվի հերքումը:

Պատասխանող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ գործը վարույթ ընդունելու՝ դատարանի որոշման մեջ որոշակի խնդիրներ են առկա: Ըստ նրա՝ դատարանը պետք է  ուսումնասիրեր միայն նյութի այն հատվածը, որի համար Ռուզաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել, մինչդեռ դատարանը դուրս է եկել այդ շրջանակներից. «Որոշման մեջ չի նշվել թե արդյո՞ք Ռուզաննա Խաչատրյանը ինքն է հանրությանը իր շուրջ հավաքել, ինչի մասին խոսում են նրա տված  անձնական բնույթի հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումը, որոնք կատարվել են, նախքան «Հանրությունը ուզում է իմանալ» և «Հանրությունը ուզում է իմանալ 2» հոդվածների հրապարակումը: Մենք գտնում ենք, որ այդպես է, մինչդեռ դատարանի տեսանկյունից հարցը դուրս է մնացել»,- ասաց փաստաբանը: Նա դատարանին ներկայացրեց նաև ԱՆ-ի կայքէջից վերցրված քաղվածք, որով ապացուցվում է, որ Ռուզաննա Խաչատրյանը համարվում է հանրային անձ, այսպիսով կողմը փորձում է արդարացնել նրա վերաբերյալ նյութերի պատրաստումը:

Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ  իր խոսքում նշեց, որ Ռուզաննա Խաչատրյանը որևէ կապ չունի հոդվածում գրվածի հետ. «Մենք չենք ընդունում, որ հոդվածում հղում է տրված «ժամ.am»-կայքին: Չգիտենք դատարանը կընդունի թե ոչ, բայց այս պահին ներկայացնում ենք ապացույցներ, որոնք հավաստում են իմ վստահորդի անմեղությունը»,-ասաց Կարեն Մեժլումյանը:

Այս ապացույցները ներկայացնելուց հետո դատարանը նշանակեց նախնական դատական նիստը, քանի որ կողմերը ժամանակ էին խնդրել նոր ապացույցներ ներկայացնելու համար:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել