«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից Հայկանուշ Թութունջյանը այս տարվա ապրիլին դիմել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա՝ ցանկություն հայտնելով «Նաիրիտ» դեմ դատական հայց ներկայացնելու, քանի որ, ինչպես հայտնի է, գործարանը մեկ տարուց ավելի աշխատոնղներին չի վճարել աշխատավարձը, որի ընթացքում գոյացել են նաև տոկոսներ:
«Քաղաքացին դիմեց մեզ և ասաց, որ ցանակնում է վերականգնել իր խախտված իրավունքները, որպեսզի գործարանը վճարի իր աշխատավարձը և օրենքով սահմանված աշխատավարձի ժամանակին չվճարելու համար հասանելիք տոկոսները»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի իրավախորհրդատուն քաղաքացու անունից ապրիլին հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով գործատուին պարտավորեցնել վճարել աշխատավարձն ու ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տոկոսներ: Դատական նիստը նշանակվել է հուլիսին. «Նիստից առաջ այն փուլն էր սկսվել, որ գործարանի բոլոր աշխատողներին հարկադրում էին պայմանագիր կնքել, որ հրաժարվում են տոկոսներից: Դատական նիստի օրը համընկել էր այդ փաստաթուղթը ստորագրելու վերջին օրվա հետ: Ես նրան առաջարկեցի, չստորագրել և սպասել դատարանի վճիռին»,- ասաց խորհրդատուն:
Քաղաքացին չի ստորագրել պայմանագիրը և շարունակել է դատական կարգով պահանջել թե՛ աշխատավարձը, թե՛ իրեն հասանելիք տոկոսները: Արդյունքում դատարանը կայացրեց դատական ակտ, որով բավարարվեց ինչպես հիմնական աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջը, այնպես էլ տոկոսների բռնագանձման պահանջը: Գումարը կազմում է 1մլն աշխատավարձ, 560 հազար տոկոս:
Լաուրա Մամյան