Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներից մի քանիսը, ովքեր պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ակտիվիստ Արթուր Քոչարյանի խոսքերով՝ նախաձեռնող խմբի միջև պառակտում չի եղել, խումբը չի բաժանվել 2 մասի, ուղղակի մի մասը որոշել է իջնել Ազատության հրապարակ. «Որոշվեց, որ խմբի մի մասը մնալու է Բաղրամյանում՝ մարդկանց հետ, մյուսը գնալու է Ազատության հրապարակ, այսինքն՝ լինելու այն անձանց հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն տեսնում իրենց Բաղրամյան պողոտայում և գնացին Ազատության հրապարակ»:

Շարունակելով ընկերոջ խոսքը՝ նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենց քայլերը բավականին դրական արդյունք են տվել, որոնց արդյունքը կերևա շատ շուտով:

Արթուր Չիբուխչյանն էլ իր հերթին անդրադարձավ շրջանառվող ասեկոսեներին, թե իրենք նախագահի պահանջներն են կատարում. «Ո՛չ, չկա նման բան, մենք նաև չենք հրաժարվել մեր փողոցային պայքարից, մեր պայքարը շարունակելու ենք տարբեր հարթություններում»,- ասաց ակտիվիստը:

Նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանն էլ անդրադարձավ իրեն հետապնդելու դեպքերին. «Այն լուրերը, որ ինձ հետևել են, ճիշտ է, բայց վախեցրել, նման բան չկա: Ես արդեն 3 տարի է փողոցային պայքարի մեջ եմ, եթե վախեցող մարդ լինեի, չէի մտնի այս պայքարի մեջ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ նման բան չկա»:

Հանդիպման վերջում «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները տեղեկացրին, որ այսօրվանից դադարեցնում են նստացույցը Ազատության հրապարակում, այնտեղ կհավաքվեն ժամանակ առ ժամանակ, որպեսզի քննարկեն իրենց առաջիկա քայլերը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Բաղրամյան պողոտայում նրանք գիշերեն, Մաքսիմն ասաց, որ նման բան չեն բացառում:

DSC07279

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել