Փոքրիկ Սերյոժային մայրն իր մարմնով է փորձել պաշտպանել. Ավետիսյանների սպանության գործով նոր մանրամասներ

Հաստատվում է այն փաստը, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունը կատարել է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս մասին հուշում են ստացված համալիր փորձաքննության արդյունքները, որոնք այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները՝ փաստաբաններ Միհրան Պողոսյանը, Լուսինե Սահակյանն ու Երեմ Սարգսյանը:

Միհրան Պողոսյանը նշեց, որ հետքաբանական, ձգաբանական և քիմիական համալիր փորձաքննության եզրակացությունը բավականին ծավալուն է՝ բաղկացած 144 թերթից և 313 լուսանկար է արվել: Նրա խոսքով, այս փորձաքննության եզրակացության մեջ հետաքրքիր հանգամանքներից մեկն այն է, որ կրակոցները եղել են հորիզոնական ուղղությամբ: Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչ հետևություն կարելի է անել այս հանգամանքից, փաստաբանը պատասխանեց, որ ենթադրաբար, հանցագործը շատ ժամանակ չի ունեցել կրակոցներ արձակելուց և ամեն զոհին առանձին չի մոտեցել:

Լուսինե Սահակյանը նշեց, որ Ավետիսյանների բնակարանը բավականին փոքրիկ տուն է և մի քանի քայլով կարելի է տան մի ծայրից մյուսն անցել. ենթադրելի է, որ հանցագործությունը կատարվել է այնքան արագ, որ պարզապես հնարավորություն չեն ունեցել պաշտպանվելու: Թեև դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, պայքարել է հանցագործի հետ:

Լ. Սահակյանը հայտնեց, որ, փորձագետների կողմից տրված եզրակացության համաձայն, հանցագործը նախ եղել է հյուրասենյակում, որտեղ քնած է եղել ընտանիքի դուստրը՝ Աիդան: Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նա չի հասցրել արթնանալ, թեև վերմակը մի փոքր բարձրացված է եղել: Փաստաբանի խոսքով, այս հանգամանքը կարող է բացատրվել նրանով, որ մինչ քննիչների դեպքի վայր մեկնելը, այնտեղ եղել են բժիշկները, փորձել են բժշկական օգնություն ցույց տալ և փոքրիկ Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց:

Երկրորդ սենյակում քնած են եղել ընտանիքի հայրն ու մայրը՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները: Հասմիկ Ավետիսյանը արթնացած է եղել և նույնիսկ կանգնել է, այս մասին կարելի է ենթադրել նրա դիրքից: Իսկ ամուսնու մարմինը հայտնաբերվել է անկողնում և առաջին հայացքից ենթադրելի է եղել, թե նա չի հասցրել արթնանալ:

Սակայն փորձագետների եզրակացության համաձայն՝ հանցագործության գործիք ինքնաձիգի խզակոթին եղել է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, իսկ մարմնի վրա հայտնաբերվել են բութ գործիքից ստացված վնասվածքներ, ինչը կարող է վկայել հենց այն մասին, որ նա մինչ մահը պայքարել է հանցագործի դեմ:

Երրորդ սենյակում քնած են եղել Արմեն և Արաքսյա ամուսինները: Արաքսյի մարմինը հայտնաբերվել է անկողնում՝ գրկին փոքրիկ Սերյոժան, իսկ Արմենի մարմինը եղել է գետնին: Լուսինե Սահակյանը նշեց, որ Արաքսյայի մարմնի դիրքից ենթադրելի է, որ նա փորձել է իր մարմնով պաշտպանել փոքրիկին:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ստացված դատագենետիկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ ինքնաձիգի մեջ գտնվող և դեռևս չկրակված փամփուշտի, գազօջախի մոտ հայտանաբերված ծխուկի վրայի նմուշների ԴՆԹ-ն նույնական են Պերմյակովի ԴՆԹ-ի հետ: Այլ անձի ԴՆԹ-ի հետքեր դեպքի վայրում չեն հայտնաբերվել: Եվ այսպիսով հաստատվում է փաստը, որ հանցագործությունը կատարվել է հենց Պերմյակովի կողմից:

Ներկայացնում ենք նաև փորձագետների կողմից տրված սխեմաները, որոնցում երևում է կրակոցների հետևանքով վնասվածքները, կարկողի դիրքը և շարժումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել