«Իրանի հետ պատերազմը երկար կտևի»․ Իսրայելը հարվածել է Իրանին

Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։ Թել Ավիվը  հայտարարել է, որ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները եւ երկրում հայտարարել արտակարգ իրավիճակ` սպասելով Թեհրանի պատասխանին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը և իրանցի միջուկային գծով գիտնականներին, գրում է BBC-ն։

Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է». «Իրանի հետ պատերազմը երկար կտևի, բայց մենք վստահ ենք հաղթանակի մեջ»:

Իրանական պետական Tasnim գործակալությունը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն` սպանվել է նաեւ միջուկային ֆիզիկոս, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասին։

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ Իսրայելը խիստ պատիժ է ստանալու ռազմական հարվածի համար։
Նա ուղերձում նշել է, որ հարվածը խլել է Թեհրանում իրանցի պաշտոնյաների և քաղաքացիական անձանց կյանքեր:

Առաջնորդն ասել է, որ այդ ​​ռեժիմը պետք է սպասի դաժան պատիժի՝ հանցագործությունը կատարելուց և իր չար էությունը բացահայտելուց հետո՝ հարձակվելով Իրանի բնակելի կենտրոնների վրա․ «Սիոնիստական ռեժիմը պետք է ակնկալի խիստ պատիժ. Աստծո ողորմությամբ Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր բազուկը նրանց անպատիժ չի թողնի. Հակառակորդի հարձակումների ժամանակ նահատակվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ։ Տա Աստված, որ նրանց իրավահաջորդներն ու գործընկերներն առանց հապաղելու շարունակեն իրենց պարտականությունները։ Այս ոճրագործությամբ Սիոնիստական ​​ռեժիմն իր համար պատրաստել է դառը, ցավալի ճակատագիր, որն անպայման կտեսնի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել