Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 18-ին, տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։
Նշենք, որ այս և մյուս նիստերին պատասխանող կողմի բոլոր ներկայացուցիչներն ամբողջությամբ առարկել են նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին շարունակվեց պատասխանող կողմի ներկայացրած հայցային վաղեմության միջնորդության քննարկումը։
Պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանի և Բելա Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը 2 միջնորդություն ներկայացրեց։ Առաջինով վիճարկվեց Դատախազության կողմից հայց ներկայացնելու պահին Հմայակ Նավասարդյանի՝ աշխատակազմի ղեկավար չհանդիսանալու հանգամանքը, իսկ 2-րդ միջնորդությամբ պատասխանող կողմը խնդրեց «ՀայՓոստի» աշխատակցին որպես վկա հրավիրել դատարան։
Օրբելյանն ասաց՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին, երբ համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է «ՀայՓոստ», Հմայակ Նավասարդյանը չի հանդիսացել աշխատակազմի ղեկավար։
Վերջինիս պնդմամբ սա կարևոր հանգամանք է գործի համար, որի վերաբերյալ ապացույցների հետազոտման ժամանակ համապատասխան դիտարկում կներկայացնի․ «Եթե վեճ կա, ապացույցների համադրման անհրաժեշտություն կառաջանա, եթե չկա, ընդունենք որպես փաստ․ ամեն տեղ նշված է այդ հանգամանքը»։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն ասաց՝ քննարկվող միջնորդության տեսանկյունից որևէ կերպ այս հանգամանքը վերաբերելի չէ․ «2 կարևոր փաստ, կարծես, անտեսվում է․ առաջինը հենց մեր կողմից ներկայացված պայմանագիրն է կնքված «ՀայՓոստի» հետ, որը կնքելու պահին Նավասարդյանը հանդիսացել է գլխավոր քարտուղար, և պայմանագրի ժամկետը նշված է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը, և ի պաշտոնե ներկայացուցիչը եղել է պարոն Նավասարդյանը։
2-րդ հանագանքը թե՛ դատարանի պահանջած փաստաթղթերի, թե՛ իրենց կողմից ներկայացրած ապացույցներին տրված պարզաբանումն է։ «ՀայՓոստը» նշել է՝ առաքանին 2023 թվականի հոկտեմոբերի 9-ին փոստայի առաքման նպատակով հանձնվել է Գլխավոր դատախազության կողմից»։
Մյուս միջնորդությամբ պատասխանող կողմն անդրադարձավ փոստի աշխատակից Վաչե Գևորգյանին որպես վկա հրավիրելու հարցին՝ հաշվի առնելով, որ պատվիրված առաքանին ձևակերպվել է վերջինիս կողմից։
Արամ Օրբելյանի խոսքով՝ վերջինիս կարող է հայտնի լինել ուղարկման նպատակով առաքանու հանձնման մանրամասները, այն, թե երբ և ում կողմից է ծրարը հանձնվել, ծրարը կշռվել է, թե ոչ, դրա մեջ արդյոք փաստաթղթեր են եղել, թե ոչ, եթե այո, ապա վերջինս տեղյակ է արդյոք՝ ինչ փաստաթղթեր են եղել։
Հայցվորի մյուս ներկայացուցիչ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց՝ այս հանգամանքներն էական չեն, քանի որ պատասխան գրությամբ հստակ նշվում է՝ Գլխավոր դատախազության կողմից է ուղարկվել․ «Թե դա գրասենյակի աշխատող կլինի, պարոն Քոչարյանը հանձնած կլինի, թե պարոն Նավասարդյանը, երկրորդական է, կարևորը, որ ով էլ հանձնել է, դատախազության անունից է հանձել և ունեցել է այդ լիազորությունը»։
Համլետ Հարությունյանը նաև հարցրեց՝ արդյոք փորձել են դիմել Վաչե Գևորգյանին՝ նրա համաձայնությունը ստանալու և հարցումներ իրականացնելու նպատակով, ինչին Օրբելյանը բացասական պատասխան տվեց։
«Անկախ նրանից՝ դատարան հանձնված կլինի հոկտեմբերի 11-ին, 12-ին, 16-ին, թե 21-ին, էականը մեր կողմից փոստին հանձնելն է, ու էդ մասով կարծես թե վեճ չկա, որովհետև բոլոր հնարավոր փաստաթղթերում հոկտեմբերի 9-ն է նշված։
Ստացված ապացույցով «ՀայՓոստը» արձանագրել է, ասել՝ Գլխավոր դատախազության կողմից առաքանին փոստին հանձնվել է նույն օրը»,-ասաց դատախազը։
Նախագահող դատավոր Նարինե Ավագյանի այն հարցին, թե պատասխանող կողմի ենթադրությունն արդյոք այն է, որ Վաչե Գևորգյանը չի ընդունել ու չի ստացել առաքանին, Օրբելյանն ասաց՝ այո։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը հարգելի ճանաչեց միջնորդության ժամկետի բացթողումը, իսկ «ՀայՓոստի» աշխատակցին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը մերժեց՝ ընդգծելով, որ այն հիմնավոր չէ։
Նախագահող դատավորը հայտնեց՝ վկայակոչած փաստերը, ոչ թե քաղաքացիադատավարական, այլ քրեադատավարական գործիքակազմով պետք է պարզվեն․ «Միջնորդությամբ պարոն Օրբելյանը կասկածի տակ է դնում ինչպես «ՀայՓոստի» կողմից ներկայացված գրությամբ նշված, այնպես էլ հայցվորի նախորդ ներկայացուցիչ պարոն Քոչարյանի կողմից ներկայացված այն փաստը, որ վերջինս ասել է՝ ինքն է անձամբ հանձնել ծրարը՝ նշելով ժամը»։
Արամ Օրբելյանը նաև ընդգծեց՝ Քոչարյանի դիրքորոշումը չի կարող որպես ապացույց ընդունվել, դա կարող էր ապացույց լինել, եթե վերջինս որպես վկա հարցաքննվեր։
Նա խնդրեց սեղմ ժամկետով նիստը հետաձգել՝ քրեադատավարական ընթացակարգ սահմանելու, քրեական հաղորդում ներկայացնելու հարցի քննարկման համար։
Համլետ Հարությունյանը նկատեց՝ հաղորդում տալու հարցի քննարկումը դատական նիստը հետաձգելու հիմք չի կարող հանդիսանալ, ինչի վերաբերյալ նախագահող դատավորը հայտնեց՝ դրանից զատ, դատարանը նախապես նշանակված այլ նիստ ունի։
Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 18-ին։
Մարիամ Շահնազարյան