Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին դատարան էր մուտքագրվել պատասխանող Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրել է նիստը հետաձգել՝ հայտնելով, որ վատառողջ է։
Միջնորդության վերաբերյալ կողմերի մասնակցությամբ քննարկումից հետո դատարանը որոշեց այն մերժել՝ պատասխանող կողմին հայտնելով, որ փաստաբանի չներկայանալու պատճառը հարգելի է, սակայն այն պայմաններում, երբ Գագիկ Ծառուկյանն այս գործով ունի այլ ներկայացուցիչ, գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտություն չկա։
Պատասխանողի ներկայացուցիչներն այս նիստին շարունակեցին դատախազության հայցի վերաբերյալ հարցեր ուղղել հայցվոր կողմին։ Պատասխանողի ներկայացուցչի առաջին հարցը վերաբերում էր 2006 թվականին «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի բաժնեմասի ձեռքբերման օրինականությանը, Գագիկ Ծառուկյանի կողմից ստացված դրամական միջոցներին, նաև հայցադիմումի մեջ նշված մյուս ընկերություններին։
Հայցվոր կողմից հայտնեցին՝ ընկերությունների դիմաց վճարման վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել ռեգիստրային գործից։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանի խոսքով՝ հայցում ներառված են տասնյակ ընկերություններ, սակայն ոչ բոլորից է, որ շահաբաժին է ստացվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հնարավոր է ընկերությունն ունենա շահույթ, սակայն դա չբաշխվի, օգտագործվի ընկերության հետագա գործունեության կամ առհասարակ որևէ այլ գործունեության իրականացման համար։
Փաստաբան Վարազդատ Ասատրյանը հետաքրքրվեց նաև, թե հայցվորը տեղեկատվություն ունի արդյոք ընկերության ակտիվների վերաբերյալ, և ինչ մեթոդաբանություն է այս պարագայում ընտրվում։ Հարությունյանը պատասխանեց․ «Ընկերության մինուս գործարքների մասով մենք, ըստ էության, որևէ գնահատական չենք տալիս, որովհետև ընկերության բիզնես գործունեությունը Գագիկ Ծառուկյանի եկամուտներ ստանալու ցուցիչը չէ, այն կարող է ունենալ հաջողված բիզնես գործունեություն, եկամուտներ, սակայն շահույթ չբաշխի, եթե մենք այդ շահույթը տեսնենք, դրա մասին կարձանագրենք»։
Ասատրյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ եթե կան ընկերություններ, որոնք օրինական են դիտվել, Գագիկ Ծառուկյանին կանխիկ եղանակով փոխառություններ տրամադրելու հանգամանքը հավանականության հավասարակշռման սկզբունքի տեսանկյունից որոշակի չոր մոտեցումներն այդքան էլ կիրառելի չեն․ «Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ընկալելի սուբյեկտ ա էն առումով, որ ունի պայմանական մեծահարուստի համբավ, ենթադրվում է՝ այդ միջոցները ծառի ճյուղից կախված չեն եղել, գնացել, հավաքել ա, որոշակի տնտեսական գործունեության հետևանք պետք է լիներ»։
Դատախազն ի պատասխան փաստաբանի՝ ասաց, որ նախորդող նիստերի ժամանակ հավանականությունների հավասարակշռման մասին երկար քննարկում է եղել, ինքը ևս պնդել է՝ դրանց հիմքում պետք է որոշակի ելակետեր լինեն․ նա հետևյալ հռետորական հարցը բարձրացրեց․ «Դիցուք, ընկերությունում 100 միլիոն է ստացվել, ո՞րն է հավանականությունը, որ այդ գումարից փոխառություն է տրվել Ծառուկյանին կամ արդյոք 20 միլիոն դրամ շահաբաժին տրվել է, թե ոչ»։
Նա հայտնեց՝ հայցադիմումի մեջ ևս նշված է, որ այդ ընկերությունների մասով բացառապես արձանագրվել է կանոնադրական կապիտալի արժեքի համալրման մասին․ «Ինչպես մենք հայցադիմումի մեջ այլ ընկերությունների մասով ենք նշել՝ խոշոր միլիոնավոր կամ միլիարդավոր շահաբաժինների հիմքը, վստահաբար, 25 հազար կանոնադրական կապիտալը չէ, որովհետև դժվար է պատկերացնել՝ 25 հազար դրամ բացառապես կանոնադրական կապիտալ համալրելով 25 հազարով արդյունքում ստացվեն միլիարդների հասնող շահույթներ։ Այստեղ պետք է կատարված լինեին լրացուցիչ ներդրումներ, և եթե որևէ փուլում ներկայացվեն այսպիսի ընկերություններից եկամուտներ, ես կարծում եմ՝ դատարանի խնդիրը կլինի նաև այդ նույն հավանականությունների հավասարակշռման դաշտում գնահատական տալ նաև այդ ներդրումներին, պարզել՝ եկամուտներն օրինական են, թե ոչ»։
Համլետ Հարությունյանը նաև հետևյալն արձանագրեց․ «Ընդ որում, դրանք տասնյակ հազարավոր դրամներ չեն, հարյուր հազարավոր չեն, նույնիսկ միլիոնավոր դրամներ չեն, միլիարդավոր դրամների շահույթներ կան, որոնք հայտնի են եղել, հիմա մյուս ընկերությունների մասով նման ինֆորմացիա չկա»։
Վարազդատ Ասատրյանն ի պատասխան հայցվորի՝ նշեց՝ այս և մյուս գործերով իրավասու մարմնի մոտեցումները տարբերվում են․ «Սկզբնական ուսումնասիրության ժամանակահատվածում իրավասու մարմինը ոչ իրատեսական մեթոդաբանություն է կիրառում, վերցնում այն ելակետերը, որոնք գոյություն չեն ունեցել։ Մասնավորապես, դիտարկում է աշխատավարձերը կամ այլ օրինական

եկամուտները՝ Վիճակագրական կոմիտեի միջինացված թվերով․ տրամաբանական է, որ այդ դաշտում անձը կարող է չունենալ եկամուտ»։
Պատասխանողի ներկայացուցչի հաջորդ հարցը վերաբերում էր Մաքսիմ Գորկի փողոցի անշարժ գույքին, որի համար Ծառուկյանը կատարել է 30 միլիոն ներդրում, և փաստաբանի այն հարցին, թե հայցադիմումի մեջ ինչ իմաստով է դիտարկվել գույքի համար ներդրում կատարելը, հայցվորը պատասխանեց՝ գույքը ձեռք է բերվել 2003 թվականին Ծառուկյանի կողմից, հետագայում վերջինս պարտավորություն է ստանձնել ներդրումներ անելու, նաև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Դատախազը հայտնեց․ «Ռեգիստրային գործում առկա տվյալների համաձայն՝ ներդրման դիմաց նա ստացել է 1 միլիարդից ավել արժողությամբ բաժնետոմսեր»։
Կողմերն այս նիստին բաց մնացած և պատասխանող կողմի մյուս հարցերի վերաբերյալ քննարկումը կշարունակեն հաջորդ նիստին, որը տեղի կունենա մարտի 17-ին։
Լուսանկարներն արվել են այլ դատական նիստերի ընթացքում։