Ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը բնակչության պետական ռեգիստրում․ ընթացակարգեր, ժամկետներ ու մերժման հիմքեր

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N1231-Ն որոշմամբ սահմանված կարգով հստակեցվում են այն ընթացակարգերը, որոնցով իրականացվում է անձանց հաշվառումը բնակչության պետական ռեգիստրում, ինչպես նաև տեղեկանքի տրամադրումը կամ մերժումը։

 Տվյալների մուտքագրում և տեղեկանքի տրամադրում

  • Չհաշվառված կամ մշտական բնակության նոր վայրում հաշվառվող անձանց տվյալները մուտքագրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Հաշվառման վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, եթե փաստաթղթերը լիարժեք են։

Անավարտ փաստաթղթերի դեպքում

  • Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, դիմումատուին տրվում է 30-օրյա ժամկետ՝ դրանք լրացնելու համար։
  • Ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը թողնվում է անհետևանք։

 Մերժման հիմքեր

Հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը կարող է մերժվել, եթե՝

  • չի վճարվել պետական տուրքը (օրենքով նախատեսված դեպքերում),
  • չի ներկայացվել անձը հաստատող փաստաթուղթ։

Մերժման մասին դիմումատուն տեղեկացվում է գրավոր՝ հիմքերի պարզումից հետո հաջորդ աշխատանքային օրը։

  • Դիմումը ռեգիստր ներկայացնում է քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը:

Կենտրոնական և տեղական ռեգիստրներում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) մասին տեղեկությունները մուտքագրվում են այլ ռեգիստրներից` դրանք ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 Բնակության իրավունքի ստուգում

  • Եթե դիմումատուն չի կարող ներկայացնել բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա փաստացի բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստն ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն):

 Անչափահաս երեխաների հաշվառում

  • Երեխան հաշվառվում է ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվառման հասցեում՝ անկախ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունից։
  • Տվյալ դեպքում պահանջվող փաստաթղթերը սահմանվում են օրենքով, բացառությամբ դեպքերի, երբ առկա է ծնողներից մեկի գրավոր անհամաձայնությունը։

Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու կամ մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվելու մասին դիմումները մերժվում են, եթե`

  • անձը չունի տվյալ բնակության վայրում (կացարանում) բնակվելու իրավունք,
  • ներկայացվել են կեղծ փաստաթղթեր,
  • բնակելի տարածությունը չունի հասցե,
  • բնակելի տարածությունը քանդված է կամ այլ կերպ դադարել է գոյություն ունենալ:

 Առցանց հնարավորություն

Քաղաքացիները կարող են ստանալ հաշվառման վերաբերյալ տեղեկանքը նաև առցանց՝ migration.e-gov.am հարթակի միջոցով։

  • Տեղեկանքը տրամադրվում է PDF ձևաչափով, պարունակում է հսկիչ համար և QR կոդ՝ փաստաթղթի իսկությունը verify.e-gov.am հարթակում ստուգելու համար։

Ռեգիստրում Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների հաշվառումը կատարվում է զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել