Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
· բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
· անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
· գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
· տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
· ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· չունեն սեփականություն,
· չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարթակում։