Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ հունվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ հանդես եկավ պատասխանող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Միջնորդությամբ նա նշեց, որ գործի շրջանակներում Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայց ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված անձանց, 2023 թվականի հոկտեմբերի 11-ին իրավասու մարմնի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում դատարան է ներկայացվել հայցի հիմքում առկա մի շարք պնդումներ՝ այս կամ այն գույքի ենթադրյալ ապօրինի ծագման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այս վարույթը հարուցելու հիմք է հանդիսացել և ուսումնասիրության շրջանակում դրվել Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ քրեական հայտնի գործով ներգրավված լինելը։
Պատասխանողի ներկայացուցիչը հղում կատարեց Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածին, ըստ որի՝ հայցային վաղեմություն է համարվում օրենքը խախտած անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը։
Նույն օրենսրքի 333-րդ հոդվածի 11 կետի համաձայն՝ հայցային վաղեմության հատուկ ժամկետ է սահմանվում այն դեպքում, եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս։
Հղում կատարվեց նաև 335-րդ հոդվածին, ըստ որի՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
Օրբելյանի խոսքով՝ միջնորդությամբ բերվել է առավել երկար ժամանակ այն պարագայում, երբ Քաղաքացիական օրեսնգիրքը սահմանում է ընդհանուր հայցային վաղեմություն՝ 3 տարի։
Մատնանշվեց Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի համապատասխան մասը, որով նշվում է՝ յուրաքանչյուր կողմի ներքին օրեսնդրությամբ պետք է վնասի փոխհատուցման պահանջի համար նախատեսի ոչ պակաս, քան 3 տարի հայցային վաղեմության ժամկետ այն օրվանից, երբ անձն իմացել կամ ողջամիտ կերպով պարտավոր էր իմանալ դրա պատճառների կամ կատարված գործողության պատասխանատու անձի ինքնության մասին, այնուամենայնիվ, նման հայց չի կարող այլևս հարուցվել՝ կոռուպցիոն գործողության կատարման օրվանից հաշված ոչ պակաս, քան 10 տարի ժամկետի ավարտից հետո։
«Իրականում ուսումնասիրություն սկսելու պահի դրությամբ արդեն իսկ անցած է եղել 10 տարին, ենթադրյալ հանցագործության կատարման պահից, այսինքն՝ կոռուպցիոն հնարավոր պահից սկսած, անցած է եղել արդեն 11 կամ 12 տարին, երբ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, որպեսզի հանդիսանար կոռուպցիոն հանցագործության սուբյեկտ կոնվենցիայի մասով»,-ասաց Օրբելյանը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյանն ի պատասխան փաստաբանի՝ հայտնեց, որ օրենքով կարող են լինել նշված ժամկետից տարբերվող ժամկետներ, և ընդհանուր կանոնն այն է, որ ժամկետները սկսում են հոսել իրավունքի խախտման մասին իմանալու պահից։
«Ես չեմ կիսում այն տեսակետը, որ առհասարակ այս վարույթներով մենք իրականացնում ենք խախտված իրավունքի պաշտպանություն, այլ մենք իրականացնում ենք պետական շահերի պաշտպանություն, որի համար պարտադիր չէ, որ խախտված իրավունք լինի, ինչն առկա է սովորական քաղաքացիական վեճերի դեպքում»,-նշեց դատախազը։
Քոչարյանը հակադարձեց պատասխանողի ներկայացուցչին, հայտնեց, որ օրենսդիրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով առհասարակ չի նախատեսել հայցային վաղեմության ինստիտուտ․ «Այո՛, օրենքի եզրույթը կիրառվում է, բայց ոչ թե այն իմաստով, որ ինչ-որ ժամանակը համարվում է այս վարույթներով հայցայի վաղեմության ժամկետ, այլ ինչ-որ ընթացակարգային ժամկետների խախտման հետևանքները օրեսնդիրը կապել է հայցային վաղեմության անցման հետ կամ հավասարեցրել է դրանց։ Այս ամենը վկայում է նաև օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ օրենսդիրը նախատեսել է՝ հիմնական պահանջին զուգահեռ կարող է ներկայացվել փոխկապակցված այլ պահանջներ, որոնց համար Քաղաքացիական օրեսնգիրքը հստակ ժամկետներ է սահմանել հայցային վաղեմության համար»։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը նախ նշեց, որ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցին անդրադառնալը, կիրառելի իրավական նորմերի հետ կապված համակարծիք չէ հայցվորի այն դիրքորոշմանը, որ տվյալ իրավահարաբերությունների դեպքում հայցային վաղեմություն չի կարող կիրառվել, միևնույն ժամանակ դատարանը չկիսեց պատասխանողի ներկայացուցչի այն կարծիքը, որ այս պարագայում կիրառելի է 333-րդ հոդվածի է 11 հոդվածը՝ նկատի ունենալով, որ այդ մասով խոսքը վերաբերում է վնասի հատուցման հարաբերություններին, իսկ տվյալ դեպքում գործ ունեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների հետ։
Նախագահող դատավոր Նարինե Ավագյանը նշեց, որ կիրառելի է 333-րդ հոդվածի առաջին մասը, ըստ որի՝
Պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանվում է ժամկետ և հաշվարկման կարգ, նման դիրքորոշումը բխում է ինչպես նախագահող դատավորի՝ նախկինում կայացված որոշումներում հայցայի վաղեմության վերաբերյալ տրված, այնպես էլ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործերից մեկով տրված մեկնաբանություններից, որտեղ նախանշվել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցային վաղեմության կանոնը հայցային վաղեմության ժամկետ և կարգ որոշող հատուկ կանոն է, որի բովանդակութունը ամբողջությամբ չի նույնանում Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետների և հաշվարկման կարգի բովանդակության հետ»,-ասաց Ավագյանը։
Դատարանի այս դիրքորոշմամբ պայմանավորված՝ պատասխանողի ներկայցուցիչը ժամանակ խնդեց միջնորդության մեջ լրացումներ կատարելու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։
Միջնորդության քննարկումը հետաձգվեց, հաջորդ նիստը՝ հունվարի 20-ին։
Մարիամ Շահնազարյան