«Քրիստոնյան միշտ պետք է մտածի իր հոգևոր անվտանգության մասին»․ Տեր Բարդուղիմեոս

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Հոգևոր խնդիրներ և մոլորություններ» թեմայով զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ։

-Ի՞նչ է հոգևոր մոլորությունը և որո՞նք են դրա հիմնական նշանները:

-Դա այն է, երբ ճշմարիտ հոգևոր արժեքներից կամ ուղենիշներից մարդը շեղվում է։ Առաջին հայացքից ինքը գիտի, որ լավագույնս պահում է այն, ինչը գրված է Սուրբ գրքում, բայց ինքը ընկած է օրինակ, հպարտության մեջ։ Այսինքն ինքն իրենք այնքան կարևոր է զգում, ունի այնքան մեծ ինքնավստահություն, որ մտածում է ինքը կարող է դիտողություն անել ուրիշ քրիստոնյաների, նաև հոգևորականի։ Սա ծայրահեղ վիճակն է, երբ մարդը ունի հոգևոր հասնություն, բայց այդ հասնությունն արդեն չի ծառայում իրեն դրական իմաստոն և տանում է մեծ մեղքի, որը հպարտությունն է։

-Ո՞րն է հոգևոր մոլորությունների հիմնական պատճառը և ինչպե՞ս կարելի է դրանցից խուսափել:

-Ըստ ինձ՝ հոգևոր մոլորությունների հիմնական պատճառը ավելորդ ինքնավստահությունն է։ Մենք ցանկանում ենք, որ քրիստոնյան ինքնավստահ լինի։ Աստված մարդուն տարբեր միջոցներով ներշնչում է վստահություն, որ մարդը վստահ լինի իր հավատքի վրա, իր համոզմունքի վրա և Աստծու վրա, բայց երբ մարդը ինքն իր վրա չափից դուրս վստահ է լինում՝ մտածելով, որ ինքն այլևս անմեղ է, այլևս մեղք չի կարող գործել, շատ քրիստոնյաների հենց այս միտքը կորցնում է։ 

-Որո՞նք են ժամանակակից քրիստոնյաների շրջանում տարածված հիմնական մոլորությունները:

-Ես կասեի աշխարհի սկզբից ի վեր, այդ հոգևոր մոլորությունների դրդապատճառը և համար մեկ կարգավիճակը նույնն է, որովհետև Ադամն ու Եվան էլ հենց այսպիսի կարգավիճակում էր, որ մեղք գործեցին։ Կա կարգավիճակ, որ մարդը իրեն հավասար է դասում Արարչին։ Ադամի ու Եվայի օրինակը հենց սրա մասին է խոսում։ Իրենց համար ամեն ինչ կարելիի սահմաններում է։ Տարիներն անցել են, բայց մեղքը, սխալը նույնն է մնացել։ Միայն փաթեթավորումն է փոխվել։ Խորքը նույնն է՝ մարդուն հասցնել հոգևոր հպարտության։

-Ինչպե՞ս տարբերակել իսկական հոգևոր փորձառությունը մոլորությունից:

-Իրականում մարդն ավելի կոփվում է փորձառության մեջ, ավելի հասունանում է և գտնում այն ճանապարհները, որոնք կարող է կիրառել հաջորդ փորձության ժամանակ։ Մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը կարծում են, որ Աստծուն հետևելով՝ իրենք չպետք է փորձության ենթարկվեն։ Նայենք Քրստոսին, ծննդյան առաջին իսկ օրվանից սկսած փորձություններով է անցել։ Պետք է Աաստծուն վստահել, հակառակ դեպքում կընկնենք հոգևոր մոլորությունների մեջ։

-Ինչպե՞ս պաշտպանել հոգևոր անվտանգությունը ժամանակակից աշխարհում:

-Քրիստոնյան միշտ պետք է մտածի իր հոգևոր անվտանգության մասին։ Առաջին հայացքից կարող է այս արտահայտությունը տարօրինակ հնչել և շատերը կարող է նույնիսկ չհասկանան ինչի մասին է, բայց մարդը պետք է պաշտպանված լինի։ Պետք է ունենանք զգոնություն։ Երբ Քրիստոսը մեզ ասում է՝ արթուն եղեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք, հենց այս հոևոր արթնության մասին էր խոսում։ Պետք է զգոն լինենք, ուշադիր լինենք, աղոթքի մեջ լինենք։ 

-Ինչպե՞ս պահպանել հավատքն անձնական ողբերգությունների և կորուստների ժամանակ:

-Ոչ թե ինչպես պետք է պահպանի հավատքը, այլ հավատքը պետք է մարդուն օգնի, որ ինքը հաղթահարի անձնական կորուստն ու տառապանքը, եթե մարդը սասանվում է հավատքի մեջ, ուրեմն սա մարդու համար շատ ավելի լուրջ իրավիճակ է։ Այս զգացումները սովորաբար լինում են, որովհետև մենք մարմնականացնում ենք ամեն ինչ, մեզ համար նյութականն է կարևոր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել