«Որ գնամ բանակ, պատերազմ է լինելու, դժվար ես հետ գամ»․ Սամվել Մանասյանն անմահացել է Մարտակերտում

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված Սամվել Մանասյանի տուն էինք այցելել։ Մեզ դիմավորեց 3-ամյա Մանվելը։ Նա դեռ վարժ չէր խոսում, եղբոր մասին շատ բան պատմել չէր կարող, բայց մեզ համար պարբերաբար կատարում էր Հայաստանի Հանրապետության օրհներգն ու որպես իսկական ապարանցի, արդեն գիտեր Ապարանին նվիրված մի երգ։ Երգում էր ու մատով ցույց տալիս հերոս եղբոր անկյունը։

Սամվել Մանասյանը ծնվել է 2001 թվականի մարտի 13-ին։ Դեռ վաղ տարիքից ծնողները նկատել են արվեստի հանդեպ տղայի սերը, սկզբում պարի, հետո նկարչության ու քանդակագործության է հաճախել։ Քանդակագործի մասնագիտությանն ավելի վարժ տիրապետելու համար ընդունվել է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան։ Հենց իր նկարած խաչքարն էլ դարձել է իրեն նվիրված հուշաքարը, որը տեղադրված է իր տան բակում։

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում մայրը՝ տիկին Սոնան հիշում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տան գործերով էր զբաղված, երբ իրեն հայտնել են, որ պատերազմ է սկսվել։

«Չհավատացի, չպատկերացրեցի։ Մեկ օր առաջ իր հետ շատ երկար խոսել էի, տրամադրությունը լավ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, մամ։ Շատ բան չէր պատմում, չէր սիրում խոսել, ուղղակի շատ էր ուզում արձակուրդ գալ, բայց չթողեցին, կարանտին էր։ Պատերազմի օրը Թալիշում է եղել։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 12-ին, հարցրեց բոլորից»,-պատմում է մայրը։

Սոնա Մանուկյանը երեք որդիների հետ

Թալիշում Սամվելն ու զինակիցները շրջափակման մեջ են ընկել, բայց դուրս են եկել շրջափակումից։ Սամվելը զոհվել է Մարտակերտում, արկի հարվածից։

Բանակ զորացրվելուց առաջ Սամվելն ասել է․ «Որ գնամ բանակ, պատերազմ է լինելու, դժվար ես հետ գամ, սիրտս զգում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել