«Սրբուհի Գալյանն իրավասու չէր իրականացնելու ուսումնասիրություն, կատարելու հարցումներ համապատասխան պետական մարմիններին»․ Սերժ Սարգսյանի գործով ուսումնասիրվում են ապացույցները

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հունիսի 19-ին դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում շարունակվեց ապացույցների ուսումնասիրությունը։ Դատարանում ուսումնասիրվեցին 4-րդ, 5-րդ և 6-րդ հատորներում առկա փաստաթղթերը։

Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ իրենց կարծիքով Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը «չի մտնում» իրավասու մարմին հասկացության մեջ, այսինքն՝ վերջինս իրավասու չէր իրականացնելու ուսումնասիրություն, այդ թվում նաև կատարելու հարցումներ համապատասխան պետական մարմիններին։

«Մենք հետևյալ տեսակետն ունենք, որ հարցում կատարելն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանված ուսումնասիրության տարր է։ Դատախազը հարցումը կատարում է ոչ թե ի պաշտոնե, այլ կատարում է որոշակի ուսումնասիրության շրջանակում»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ պատասխանատու ստորաբաժանումը, ով իրավասու է իրականացնել ուսումնասիրություն, ապագայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու նպատակով, դա կոնկրետ իրավասու մարմինն է, կոնկրետ այդ գործերով վարչությունն է, որը բաղկացած է վարչության պետից, տեղակալից, ավագ դատախազներից և դատախազներից․ «Այսինքն՝ գլխավոր դատախազի տեղակալը կառուցվածքային առումով որևէ կերպ չի կարող համարվել իրավասու մարմնի անձնակազմի մեջ մտնող։ Ապօրինի ծագում ունեցող գույքի տրամաբանությունը ցույց է տալիս, որ, այո, Գլխավոր դատախազի տեղակալն ունի որոշակի խիստ սահմանափակ իրավասություններ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում, կոնկրետ այդ իրավասությունները վերաբերում են, մեր կարծիքով, պրոցեսի դատական փուլին»։

Բոլոր նման հարցումները, ըստ Գրիգորյանի, անթույլատրելի են, նման հարցումների պատասխանները ևս անթույլատրելի են, որի արդյունքում խախտվել է նաև անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը։

Դատախազ Տիգրան Ենոքյանը նշեց, որ Գլխավոր դատախազի տեղակալի կողմից արված թե՛ հարցումները, թե՛ դրանց արդյունքում ստացված պատասխաններն այս վարույթի շրջանակներում թույլատրելի և վերաբերելի են։

Նա հայտնեց, որ այդ հարցը կարգավորվում է «Դատախազության մասին» օրենքով, որտեղ հստակ նախատեսվում է, որ տեղակալը համակարգում է Գլխավոր դատախազի կողմից դատախազության համակարգում իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները, և այս համակարգման ընթացքում նմանատիպ հարցումներ կատարելը իրավաչափ է, և այստեղ չի կարող վիճարկվել այն հարցը, որ դա պետք է պարտադիր կատարեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը կամ տեղակալը։

«Հարցումները լիարժեք տեղավորվում են «Դատախազության մասին» օրենքի տրամաբանության մեջ և դրանք, բնականաբար, թույլատրելի ապացույց են»,-ասաց Ենոքյանը։

Նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստին 6-րդ հատորի նշված հատվածից պետք է շարունակեն ապացույցների ուսումնասիրությունը։

Հաջորդ դատական նիստը՝ օգոստոսի 21-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել