Նարեկ Լյովայի Սարգսյանի և նրա կնոջ ներկայացուցիչը միջնորդեց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 3-րդ անձ ներգրավել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 24-ին, շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու, Նարեկ Լյովայի Սարգսյանի և նրա կնոջ՝ Աննա Նիկոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումի քննությունը։

Դատախազությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել հետևյալ գույքերը և դրամական միջոցները․

  • Նարեկ Սարգսյանից բռնագանձել Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։
  • Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։
  • Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։ 
  • Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։
  • Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։
  • Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամը։
  • Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։
  • Nissan Altima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։
  • «Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։
  • «Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։
  • Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։
  • Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։
  • 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։ 
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։ 
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլարը։
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 
  • Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ 
  • 42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդեց գործով 3-րդ անձ ներգրավել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին։

Դատարանը, դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, առաջարկեց անցնել հաջորդ դատավարական փուլերին, եթե կողմերը դեմ չեն․ «Միջնորդության վերաբերյալ որոշումը, ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, պիտի կայացվի առանձին դատական ակտի տեսքով։ Այս նիստի ընթացքում դատարանն արձանագրային որոշում չի կարող կայացնել։ Կա՞ որևէ գործողություն, որը մենք կարող ենք այս նախնական դատական նիստի ընթացքում իրականացնել»։

Վահագն Գրիգորյանը նշեց, որ այս նիստով չի ցանկանում հարցեր հնչեցնել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ, քանի դեռ 3-րդ անձանց ներգրավման վերաբերյալ դատական ակտը պատրաստ չէ․ «Հարցերի թիվը 1, 10, 20 չէ։ Շատ ավելի շատ է։ Կարծում եմ՝ դրանք երկար ժամանակ են պահանջելու»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել