Կնոջը մոխրամանով և աթոռով հարվածելու համար Գեղարքունիքի բնակչին դատապարտել են հանրային աշխատանքների

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 19-ին մեղադրական դատավճիռ է կայացրել ընտանեկան բռնության գործով:

Մեղադրանքի էությունը.

Գործի նյութերի համաձայն՝ Մ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ընտանեկան բռնություն՝ մերձավոր ազգականի նկատմամբ):

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մ.Բ.-ն, հանդիսանալով Մ.Բ.-ի ամուսինը, 2025 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լ. բնակավայրում գտնվող իրենց բնակարանին կից ավտոտնակում ֆինանսական հարցերի հետ կապված վիճաբանության ընթացքում մոխրամանով, ձեռքերով և աթոռով մեկից ավել անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, քաշել նրա մազերից՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Քրեական գործի ընթացքը.

Թիվ ԳԴ/0187/01/25 քրեական գործը դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 18-ին և մակագրվել է դատավոր Վ.Հ.-ին: Մեղադրյալի պաշտպանն է եղել փաստաբան Վ.Ղ.-ն:

Դատավարության ընթացքում մեղադրյալը միջնորդել է կիրառել արագացված վարույթ՝ հայտարարելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է դրա հետ և պնդում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը: Դատարանը բավարարել է այս միջնորդությունը:

Հարկ է նշել, որ դատական նիստի ընթացքում տուժողը հայտնել է, որ հաշտվել է մեղադրյալի հետ:

Դատավճռի մասին.

Հունիսի 19-ին դատարանը որոշում է կայացրել Մ.Բ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել հանրային աշխատանքներ՝ 100 (հարյուր) ժամ տևողությամբ:

Որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճռի կատարման ընթացքը.

Օգոստոսի 11-ին ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ընդունվել է կատարման և Մ.Բ.-ն սահմանված կարգով վերցվել է հաշվառման:

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ հանրային աշխատանքները դատարանի նշանակած և իրավասու մարմնի որոշած վայրում չվարձատրվող, դատապարտյալի ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում նրա կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել