Բենզալցակայանի սեփականատեր ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔՏՀԱ տեսչական մարմնի՝ պահանջելով վերականգնել գործունեությունը

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, ՀՀ վարչական դատարանում վարույթ է ընդունվել «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի։

Հայցի էությունը.

Ըստ թիվ ՎԴ/9414/05/25 դատական գործի նյութերի՝ ընկերությունը պահանջում է ճանաչել 17.04.2025թ. ՀՀ քաղաք Երևան, Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին թիվ Հ/336-2025-Դ/06-Ա որոշմամբ արձանագրված խախտումները վերացված լինելու և նույն որոշման ուժը կորցրած լինելու իրավահարաբերության առկայությունը։

Դատական գործի ընթացքը.

Հայցադիմումը 17.06.2025թ. ներկայացվել է դատարան և մակագրվել է դատավոր Տիգրան Ռուդիկի Սանթրոսյանին։ Հայցադիմումը վարույթ է ընդունվել 24.06.2025թ.։

Նույն օրը դատարանը ՔՏՀԱ տեսչական մարմնից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված բոլոր դիմումները և դրանց առնչությամբ կազմված նյութերը, ինչպես նաև 17.04.2025թ. թիվ Հ/336-2025-Դ/06-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած նյութերը։

Հայցի ապահովման միջոցներ.

Դատարանը նույն օրը մասնակի բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ արգելելով ՔՏՀԱ տեսչական մարմնին կատարել որևէ գործողություն, ուղղված բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելուն։

Միջնորդության հիմնավորման համար հայցվորը ներկայացրել է փաստարկներ, որ բենզալցակայանի գործունեության դադարեցման դեպքում ընկերությունը կզրկվի էական շահույթից։ Ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ բենզալցակայանի 2025թ. փետրվար ամսվա շահույթը կազմել է 7.566.149 ՀՀ դրամ, մարտ ամսվա շահույթը՝ 6.581.266 ՀՀ դրամ, ապրիլ ամսվա շահույթը՝ 4.706.008 ՀՀ դրամ, մայիս ամսվա շահույթը (մինչև գործունեության դադարեցումը)՝ 1.823.333 ՀՀ դրամ։ Բացի այդ, նշված հասցեում գործող բենզալցակայանում աշխատում են 5 աշխատակից, ովքեր գործունեության արգելման դեպքում կկորցնեն իրենց աշխատանքները։

Վերաքննիչ բողոքի մերժում.

ՔՏՀԱ տեսչական մարմինը 07.07.2025թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման դեմ։ Բողոքում պատասխանող կողմը պնդել է, որ դատարանը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը քննարկելիս հաշվի է առել միայն հայցվորին պատճառվելիք վնասը՝ անտեսելով հանրային շահը։

Սակայն 26.08.2025թ. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է բողոքի ընդունումը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, քանի որ բողոքարկվել է այն դատական ակտը, որը բողոքարկման ենթակա չէ։

Ներկայիս կարգավիճակը.

Գործի քննությունը շարունակվում է։ 07.07.2025թ. որոշմամբ գործին որպես երրորդ անձ ներգրավվել է Էդգար Կարապետյանը։ Հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2025թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել