Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 29-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ 3 միջնորդություն ունի, որոնք պետք է ներկայացնի:
Առաջին միջնորդությունը վերաբերում էր ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ դատարանի որոշմանը։ Դատարանը իր արձանագրային որոշմամբ սահմանել էր ժամկետ ՊՆ-ի կողմից ստացվելիք պատասխան ներկայացնելու համար մինչև 2024 թվականի մարտի 1-ը։ 2024 թվականի փետրվարի 27-ին պատասխանող կողմը ներկայացրել էր ՊՆ կատարված հարցման արդյունքում ստացված պատասխանը, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարումներին։ Ներկայացուցիչը խնդրեց՝ նշված գրությունը թույլատրել որպես գրավոր ապացույց։
Հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը ասաց, որ ՊՆ նախարարությունը տրամադրել է եկամուտների վերաբերյալ տվյալները, որին արդեն իսկ տիրապետում էր իրավասու մարմինը, և դրանք դրված են հայցադիմումի հիմքում, որևէ առարկություն չունի միջնորդության շուրջ։
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը։ Նշեց, որ իրենց կողմից ներկայացվել է ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդությունը, որը դեռևս քննարկման առարկա չի դարձել։ Իրենց կողմից հարցում է կատարվել ԱԱԾ-ին, Ազգային անվտանգության խորհրդին, ՆԳՆ-ին և ՊՆ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն Սերժ Սարգսյանի կողմից ստացված գործուղման դիմաց վճարված օրապահիկների և աշխատավարձին հավասարեցված այլ վճարների վերաբերյալ։ Հարցում է կատարվել նաև «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որից խնդրել են տրամադրել տեղեկատվություն առ այն, թե Սերժ Սարգսյանը ինչ ժամանակահատվածում է բնակվել ՊՈԱԿ-ի նշված հասցեում գտնվող առանձնատանը։
«Կարծում ենք՝ նշված ապացույցները էական նշանակություն ունեն այս գործի լուծման համար, քանի որ օրենքի իմաստով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները հանդիսանում են օրենքի հիմնական եկամուտ, իսկ իրավասու մարմինը ոչ ամբողջական է հաշվարկել այդ վճարումների չափը»,-նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ի հայտ եկած նոր իրավիճակի լույսի ներքո ՊՆ-ի մասով իրենց միջնորդությունը չեն պնդում, քանի որ պատասխանել են և հստակ պատասխանի մեջ նշել են, որ գործուղումների վերաբերյալ տեղեկատվություն ֆինանսաբյուջետային վարչությունում առկա չէ։ ՆԳՆ-ի մասով ևս միջնորդությունը պատասխանող կողմը չի պնդում, քանի որ կրկին պատասխանել են հարցին, պնդում են միջնորդությունը ԱԱԾ-ի մասով, Ազգային անվտանգության խորհրդի մասով և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մասով։ ԱԱԾ-ի հետ կապված Գրիգորյանը նշեց, որ իրենց կողմից ուղարկված հարցին պատասխան չի տրվել, նաև չեն հայտնել, որ նման տեղեկատվություն առկա չէ։
Դատախազ Տիգրան Ենոքյանի խոսքով՝ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ այս հարցին դատարանը նախորդ դատական նիստի ժամանակ անդրադարձել է, ինչ վերաբերում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից ստացվելիք պատասխանին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» օրենքում ամրագրված իրական շահառուի ինստիտուտը իրենից չի ենթադրում, որ անձը պետք է պարտադիր օգտագործի նաև այն գույքը, որի իրական շահառուն հանդիսանում է անձը։
«Ինչ վերաբերում է ԱԱԾ-ից ստացվելիք պատասխանին, պետք է արձանագրենք մի փաստ, որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում աշխատել է 1995-1999 թվականներին և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ընթացքում ևս գործուղումների վերաբերյալ այդ ժամանակահատվածում տեղեկություններ չեն ստացվել» , – ասաց Ենոքյանը։
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, լսելով հայցվորի դիրքորոշումը, որոշեց մերժել այն, քանի որ բոլոր մարմիններից տեղեկություններ արդեն իսկ ստացվել էին։
Վահագն Գրիգորյանը ներկայացրեց 3-րդ միջնորդությունը։
Նա նշեց, որ իրենց կողմից ներկայացվել է ապացուցման բեռի փոփոխման վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել են մանրամասնել և հստակեցնել ապացուցման բեռի բաշխման մասին որոշումը, վեճի առարկա հանդիսացող գույքերից յուրաքանչյուրի մասով սահմանել, թե իրավասու մարմինը ինչ պետք է ապացուցի։ Ներկայացված գումարի բռնագանձման պահանջների մասով ևս խնդրեց ապացուցման բեռը հստակեցնել այնպես, որ պարզ լինի, թե ինչ կոմպոնենտներից է բաղկացած բռնագանձման ենթակա գումարը, այսինքն՝ գումարի որ մասը ինչ գործողության հետևանքով է առաջացել, որ տիպի դրվագների մասով հայցվորը և պատասխանողը ինչ պետք է ապացուցեն և ինչ պատճառաբանությամբ։
«Կարծում ենք, որ բոլոր այն դրվագներում որտեղ, որ Սերժ Սարգսյանը համարվել է այլ անձի պատկանող գույքի իրական շահառուն, դատարանը պետք է հայցվորին պարտավորեցներ ապացուցել այն հանգամանքը, որ համապատասխան անձանց գույքը վաճառվի և գնորդի կամ բանկի և ավանդատուի միջև կնքվել է շինծու գործարք»,-նշեց Գրիգորյանը։
Ապացուցման բեռը, ըստ պատասխանող կողմի, համաչափ չէ, քանի որ պատասխանողներից պահանջվում է ապացուցել մի բան, որի վերաբերյալ իրենք ապացույց չունեն և «չեն կարող ունենալ»։ Փաստաբանի խոսքով՝ ապացուցման բեռը պետք է շոշափի նաև այն հարցերը, թե արդյոք քննարկվող գումարները հանդիսացել են կամ կարող էին հանդիսանալ որևէ հակաիրավական, հանցավոր գործունեությունից ստացված եկամուտ։
Հանրային մեղադրող Տիգրան Ենքոյանը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նշելով․ «2023 թվականի դեկտեմբերի 1-ին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու որոշումը, որը հստակ է և կայացվել է համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի, ինչպես նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին համահունչ։ Իրավասու մարմնի վրա պարտականություն է դրվել ապացուցելու որոշման 1-ից 11-րդ կետերով և դրանց ենթակետերով նշված փաստերի ապացուցման պարտականությունը, այդ թվում՝ որոշման մեջ նշված անշարժ գույքերի սեփականության իրավունքով Սաթենիկ Սարգսյանի պատկանելը և Սերժ Սարգսյանի տվյալ գույքերի իրական շահառու հանդիսանալը»։
Մասնավորապես իր գրավոր դիրքորոշման մեջ դատախազը նշել է, որ բերված հակափաստարկները հաշվի առնելով, ներկայացված միջնորդությունը պետք է մերժել։ Եթե դատարանի կողմից որոշում կայացվի փոփոխել ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշումը, ապա պատասխանողի ներկայացուցչի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տված կամ վավերացրած փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի ոչ իսկական լինելու ապացուցման պարտականությունը այդ դեպքում պետք է դրվի պատասխանողի վրա, բացի այդ պատասխանողի վրա այդ դեպքում պետք է դրվի նաև ապացուցման պարտականությունն այն բոլոր դեպքերում, երբ կողմը կվկայակոչի որևէ պայմանագրի շրջանակներում պարտավորությունը ոչ պատշաճ կատարած լինելու փաստը։
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները միջնորդության վերաբերյալ, հարկ համարեց նշել, որ ապացուցման պարտականությունները բաշխելու մասին որոշումը ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի, ինչպես նաև «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի կարգավորումներին համապատասխան, ուստի որոշվեց միջնորդությունը մերժել։
Վահագն Գրիգորյանը նշեց, որ դատաքննության փուլին դեռևս չեն կարող անցնել, քանի դեռ նա տեղեկություն չունի ապացույց պահանջելու մասին որոշումը Կենտրոնական բանկի կողմից կատարվել է, թե ոչ։
Նա խնդրեց՝ տրամադրել ստացված ապացույցների օրինակները և ժամկետ՝ դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար։
Դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 16-ին։
Մարիամ Շահնազարյան