Փաստաբանական գաղտնիքը հիմնարար սկզբունք է, որը պաշտպանում է վստահորդի և փաստաբանի միջև եղած վստահության հարաբերությունը։ Այն ապահովում է, որ քաղաքացին կարողանա ազատ և անկաշկանդ տեղեկություններ փոխանցել փաստաբանին՝ առանց վախենալու, որ դրանք կհրապարակվեն։
Ի՞նչ է համարվում փաստաբանական գաղտնիք
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանական գաղտնիք են համարվում․
- Տեղեկությունները և ապացույցները, որոնք վստահորդը փոխանցում է փաստաբանին։
- Փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը։
- Տեղեկություններն ու ապացույցները (նյութեր, կրիչներ), որոնք փաստաբանը ձեռք է բերում իր գործունեության ընթացքում։
Ովքե՞ր են պարտավոր պահպանել գաղտնիքը
- Փաստաբանը։
- Փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը։
- Փաստաբանների պալատի աշխատողները։
Այս անձինք իրավունք չունեն հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Ե՞րբ կարող է փաստաբանը հրապարակել գաղտնիքը
- Վստահորդի համաձայնությամբ։
- Դատական վեճի կամ կարգապահական վարույթի ժամանակ, եթե դա անհրաժեշտ է իր իրավունքներն ու պահանջները պաշտպանելու համար։
- Անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
- Եթե առկա է հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն։
Գաղտնիքի պահպանման ժամկետը
Փաստաբանական գաղտնիքը պաշտպանված է անժամկետ․ այն պահպանվում է նաև այն դեպքում, եթե փաստաբանի արտոնագիրը կասեցվել կամ դադարեցվել է։
Կարևոր է հիշել․
- Փաստաբանական գաղտնիքը պաշտպանում է վստահորդի իրավունքները և ապահովում վստահություն փաստաբանի ու հաճախորդի միջև։
- Գաղտնիքը բացահայտվում է միայն հատուկ դեպքերում՝ օրենքով սահմանված հիմքերով։
- Պարտականությունը չի սահմանափակվում ժամանակով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։