«Սաթենիկ Սարգսյանը որևէ հայտնի եկամտի աղբյուր չի ունեցել, որպեսզի 8 միլիոն 500 հազար նվիրաբերի Ռիտա Սարգսյանին»․ դատախազ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստին պատասխանող կողմից միջնորդություն է ներկայացվել գործի քննությունը կասեցնելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել էր։ Այս դատական նիստին շարունակվեցին հետազոտվել ապացույցները, որոնցում առկա էին ձայնային կրիչներ, դատական ծանուցումներ, հետադարձ ծանուցումներ, փոստային անդորրագրեր, դատարանի որոշումներ։

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից դատարան հասցեագրված գրության վերաբերյալ փաստաբան Վահագն Գրիգորյանը հարցրեց, թե ներկայացման նպատակը որն է եղել, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ այդ փաստաթուղթը գործով ներգրավված տնտեսագետի լիազորագրի երկարաձգման համար է ներկայացվել։

Գրիգորյանն ասաց՝ գրության մեջ նաև Սրբուհի Գալյանը նշել է, որ մինչ սույն լիազորագրի տրման օրը, հավանություն է տալիս Տիգրան Ենոքյանի և Արթուր Կարապետյանի կողմից կատարած դատավարական գործողություններին, ու այս համատեքստում հարցրեց՝ կա՞ որևէ գործողություն, որն իրականցվել է լիազորությունների դադարեցված լինելու պայմաններում, Ենոքյանը պատասխանեց՝ իր կարծիքով չկա, ամբողջը ժամկետի մեջ է հետազոտվել։ Գրիգորյանը նաև հետաքրքրվեց, թե 2022 թվականին ներկայացված լիազորագիրն ի՞նչ ժամկետների համար է տրվել, դատախազն ասաց՝ առանց ժամկետային սահմանափակման։

Փաստաթղթի վերաբերյալ Վահագն Գրիգորյանն հարցրեց՝ ինչի վրա է հիմնվել գլխավոր դատախազի տեղակալը, երբ լիազորագրում նման նշում է կատարել, դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ վերջինս իր համաձայնությունն է տվել, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի շրջանակներում։

Քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի նորմը մատնանշելով՝ Գրիգորյանն ասաց՝ այս գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 2022 թ․ հոկտեմբերի 7-ին, հենց առաջին դատական նիստին մասնակցել է Տիգրան Ենոքյանն ու ներկայացրել լիազորագիր, որոշ ժամանակ անց միացել է նաև Արթուր Կարապետյանը։

«Իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրերում ես, համենայն դեպս, չեմ տեսել դեպք, որ ժամկետ նշվի, հետևաբար լիազորագրերը իրավասու մարմինների կողմից տրվում են 1 տարով։ Այս գրության մեջ էլ նշված չէ, թե քանի տարով է տրվում, հետևաբար պետք է գործի 1 տարի։ Կարծում եմ՝ 2023 թվականի հոկտեմբերին լիազորությունների ժամկետն անցել է, և եթե չկա այլ լիազորագիր մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը ծածկող, ապա այդ ընթացքում կատարված գործողությունները չեն կարող համարվել իրավասու մարմնի կողմից կատարված գործողություններ»,-ասաց նա։

Դատախազն ի պատասխան փաստաբանի՝ նշեց, որ այս գործով հայցադիմումի պաշտպանությանը ներգրավվել է «Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգով ու վերադաս դատախազի հանձնարարությամբ․ «Այստեղ մեր լիազորությունների սահմանները պարոն Կարապետյանի լիազորությունների սահմաններից տարբերվում են, քանի որ ես, հանդիսանալով դատախազ, պետական շահերի պաշտպանության ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու իրավասություն ունեմ, և եթե իմ կողմից չի հարուցվել այդ հայցը այլ դատախազի, վերադաս դատախազը կարող էր «Դատախազության մասին» օրենքով ղեկավարվելով ինձ լիազորել մասնակցելու դատական նիստերին»։

Ենոքյանի խոսքով՝ տարբերությունը լիազորագրերի մեջ է, խախտումներ չեն եղել, և որոշակի ժամանակ անցնելու պայմաններում էլ վերադաս դատախազը հավանություն է տվել օրենքի սահմաններում կատարված գործողություններին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս փուլում հետազոտվեցին գործում առկա գրավոր ապացույցները, դատարանն անցավ էլեկտրոնային կրիչներով ներկայացված ապացույցների հետազոտմանը։

Հետազոտվեց Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի կողմից 2014 թվականին ներկայացված հայտարագիրը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները հայտարարագրած գույքերի ու եկամուտների վերաբերյալ հարցեր ուղղեցին հայցվոր կողմին։

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը սյունակում նշվել է  9 միլիոն 25 հազար դրամը, պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հարցրեց՝ արդյո՞ք դա նախորդ տարվա ավանդից ստացված գումարի տոկոսի հետ համեմատվել է, թե ոչ, Կարապետյանը պատասխանեց՝ 2010 կամ 2011 թթ․ Ռիտա Սարգսյանն ավանդ չի ունեցել, և հետևաբար հայտնի չէ՝ ինչ տոկոսներ են նշված։

Վահագն Գրիգորյանը նշեց, որ Սաթենիկ Սարգսյանի կողմից Ռիտա Սարգսյանը տվյալ տարվա ընթացքում ստացել է 8 միլիոն 500 հազար դրամ՝ նվիրատվության ձևով, հարցրեց՝ դա իրավասու մարմնի կողմից ևս այդպե՞ս է մեկնաբանվում, Տիգրան Ենոքյանն ասաց՝ հայցվոր կողմը դա արժանահավատ տվյալ չի համարել, քանի որ Սաթենիկ Սարգսյանը որևէ հայտնի եկամտի աղբյուր չի ունեցել, որպեսզի 8 միլիոն 500 հազար նվիրաբերի Ռիտա Սարգսյանին․ «Ես բազմիցս նշել եմ իմ խոսքում, որ 2011-2014 թվականների ընթացքում անձինք քրեական պատասխանատվության ենթակա չեն եղել, եթե նույնիսկ ոչ դիտավորյալ են ներկայացրել այդ տվյալները, որևէ պատասխանատվություն Քրեական օրենսգիրքը չէր նախատեսել, դրանով պայմանավորված՝ հայտարարագրի շատ տվյալներ մեր կողմից չեն ներառվել հաշվարկներում, վերջին տվյալը՝ նույնպես»։

Հաջորդ հարցին, թե այն տարիներին, երբ անձինք քրեական պատասխանատվության ենթակա են եղել, այդ ժամանակահատվածում հայտարարագրած տվյալները հաշվի առնվել են, թե ոչ, Ենոքյանը պատասխանեց՝ դրանց արժանահավատությունը չի վիճարկվել, այլ հարց է, որ դրանք կարող ենք հաշվարկվել որպես ոչ օրինական եկամուտներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել